Պլաստիկի կիրառումը նվազեցնելու համար կառավարությունը մտադիր է հաջորդ տարվանից ընդհանրապես արգելել ինչպես պոլիէթիլենային տոպրակների, այնպես էլ պլաստիկ տարաների վաճառքը։ Մինչ այդ գործադիրի նախորդ նիստում և՛ վարչապետը, և՛ շրջակա միջավայրի նախարարը փաստեցին՝ գործող օրենքը չի տվել ցանկալի արդյունքը։
«Այստեղ կարծում եմ՝ համայնքները ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց։ Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու և նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու, և հուսամ նաև, որ այս որոշումով կկարողանանք այս տոպրակների խնդիրը լուծել, և վերահսկողությունն էլ, ակնկալում ենք, որ տեսչականները կանեն, և արդյունքը ավելի լավ կլինի», - ասաց նախարարը։
Անցած տարեսկզբից ուժի մեջ մտած օրենքով արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը, ավելի քան մեկուկես տարի անց պաշտոնյաները կառավարության նիստում խոսում էին նախաձեռնության ձախողումից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլիէթիլենային տոպրակների կիրառումը սահմանափակող օրենքը չի հանգեցրել ակնկալվող արդյունքին
Շրջակա միջավայրից նախարարությունից պատճառաբանում են, թե տեղական ինքնակառավարման մարմինները պատշաճ և բավարար վերահսկողություն չեն իրականացրել։ Նախարար Հակոբ Սիմիդյանը, որը պատասխանում էր վարչապետին, նիստում այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես են խստացնելու վերահսկողությունը, և արդյոք համայնքներն ունեն բավարար ռեսուրսներ, որպեսզի կարողանան հսկել արգելված տոպրակների ու տարաների վաճառքը։
Քաղաքացիներին, իրենց հերթին, թեև դրական են վերաբերվում պոլիէթիլենային տոպրակների իսպառ վերացմանը, բայց պնդում են՝ սուպերմարկետներում իրենց հազվադեպ են առաջարկում կտորից կամ թղթյա տոպրակներ։
«Եթե վերանալու ա, ավելի լավ, դրա մեջ կլցնենք, ի՞նչ տարբերություն», - ասաց նրանցից մեկը։
«Իհարկե, պետք է լինի թղթյա, որովհետև դա շրջակա միջավայրը աղտոտում է», - հավելեց մյուս քաղաքացին։
Երևանի քաղաքապետարանն անցած տարի արգելված պոլիէթիլենային տոպրակների վաճառքի 141 խախտում է արձանագրել։
Խնդրին քաջատեղյակ բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց՝ օրենքը մեծամասամբ չհաջողվեց, և բարակ տոպրակ օգտագործողներն այժմ պարզապես ավելի հաստ ու ավելի թանկ տոպրակներ են օգտագործում։
«Ամբողջ աղբը հանրության կողմից հենց այդ տոպրակների մեջ է լցվում և գցվում աղբարկղերը», - ասաց նա։
Բնապահպանն ընդգծեց՝ այս իրավիճակը կարող է հանգեցնել լուրջ վտանգների, և հիշեցրեց մի քանի ամիս առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որի պատճառներից էին նաև կուտակված ու դանդաղ այրվող պլաստիկը. -«Նուբարաշենի այս տարվա մեր հրդեհները Ձեզ խնդիր, չէ՞ որ այդ ամբողջ տոպրակները վառում են, ու այդ տոքսիկ նյութերը դուրս են գալիս օդ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած արգելքին՝ մանր ու խոշոր առևտրային ցանցերում պոլիէթիլենային տոպրակներից դեռ չեն հրաժարվելԲնապահպանը պլաստիկ տարաների արգելքը տեղին է համարում, բայց միևնույն ժամանակ հարցնում է՝ արդյո՞ք պետությունն ու գործարանները պատրաստ են պլաստիկին այլընտրանք առաջարկել։ «Պլաստիկը շատ ավելի էժան է, գիտեք չէ՞ բոլորդ, էսպես գրիչի մի ծայրով գրում ենք, հետո պարզվում է՝ խնդիրներ կան հետևում»։
Ադամյանն ասաց՝ պլաստիկի խնդիրը հնարավոր է լուծել այն վերամշակելով, բայց Հայաստանում նման բան դեռևս չի արվում։ Շրջակա միջավայրի նախարարությունից չեն մեկնաբանում՝ ինչպես են պատրաստվում իրականացնել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների նվազեցմանն ուղղված նոր օրինագիծը, դրանց ի՞նչ այլընտրանք են առաջարկելու, ասում են՝ այն դեռ մշակման փուլում է և ընդունման դեպքում կսկսի գործել 2024 թվականից։