Արդեն հինգ օր է, ինչ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է, բայց դրանք դեռ լայնորեն օգտագործվում են գրեթե բոլոր մանր ու խոշոր առևտրային ցանցերում։
Պլաստիկից թղթի կամ շորի տոպրակների անցնելու որոշումը կառավարությունն ընդունել էր դեռ 2020 թվականին։ Հիմնավորում են՝ պոլիէթիլենը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, դրա քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, այրվելու դեպքում էլ մարդու առողջության համար վտանգավոր նյութեր են արտադրվում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր կառավարության նիստում վերստին պնդեց՝ այս խնդիրն իշխանությունների առաջնահերթություններից է. «Մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների մասին է: Դրանք այն բռնակներով տոպրակներն են, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են: Բացառությունը երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն են և փաթեթավորման համար նախատեսված տոպրակներն են, դրանք այդ կիլոյով չափվող տոպրակներն են, բացի դրանցից բոլոր տեսակի մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակներն արգելվում են»:
Կառավարությունը հայտնում է՝ պլաստիկե տոպրակների արգելանքը պետք է վերահսկեն ոչ թե տեսչական, այլ տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն թե ինչպես առայժմ հստակ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն հարցն ու պարզաբանեն այս կարգավորումը:
«Խնդրում եմ քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին հրավիրել, կարգավորումը պարզաբանել և առաջարկել, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի, որպեսզի մենք տեսնենք, որ վերահսկողական ավելի շատ գործառույթներ կարող ենք պատվիրակել համայնքներին», - նշեց վարչապետը:
Մեր այցելած առևտրի կենտրոնների ղեկավարները տեսախցիկի հետևում պնդում էին՝ իրենց վաճառած տոպրակները համապատասխանում են կառավարության չափանիշներին, թույլատրված են, և իրենք ոչ մի օրենք չեն խախտում. այդպես է դա, թե ոչ՝ այս պահին որևէ մեկը չի կարող հստակ ասել։ Չնայած որոշումը, ըստ նախարարի, կառավարության առաջնահերթություններից է, վերահսկողները խանութներ դեռ չեն այցելել։ Ընդ որում, ստուգումներն էլ, ըստ ամենայնի, շուտ չեն սկսի: Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ դեռ պետք է քննարկեն՝ կարգն ու ընթացքը որոշելու համար։