Մատչելիության հղումներ

Պոլիէթիլենային տոպրակների կիրառումը սահմանափակող օրենքը չի հանգեցրել ակնկալվող արդյունքին


Պոլիէթիլենային տոպրակների կիրառումը նվազեցնելու նպատակով ընդունված օրենքը ցանկալի արդյունք չի տվել։ Մեկ տարի անց կառավարությունն ընդունում է ձախողումը։ Վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկի ծավալն անգամ ավելացել է, իսկ բնապահպանները շարունակում են զգուշացնել վտանգավոր հետևանքների մասին։

Բնության վրա պլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու համար իշխանություններն օրենք ընդունեցին, որով նախորդ տարեսկզբից արգելվեց բարակ՝ մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքը։ Այնինչ սուպերմարկետնում պարզապես սկսեցին չարգելված ու ավելի հաստ տոպրակներ առաջարկել, իսկ փոքր խանութներում ու շուկաներում ազատ տրամադրում են նաև արգելված բարակները։

Ինչու՞ ձախողվեց իշխանությունների այս բնապահպանական նախաձեռնությունը։ Օրենքը մշակած շրջակա միջավայրի նախարարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան մի շարք պատճառներ են թվարկել՝ հանրության շրջանում իրազեկվածության պակասը, անբավարար վերահսկողությունը և այլն։

Արգելված տոպրաների վաճառքի ստուգումը հանձնարարվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին։ Երևանի քաղաքապետարանից առայժմ չի հաջողվել պարզել, թե մեկ տարվա ընթացքում քանի խախտում են հայտնաբերել և քանի տնտեսվարող է տուգանվել։ Օրենքը նախատեսում է 20-30 հազար դրամ տուգանք։

Քաղաքացիները մինչդեռ վստահեցնում են՝ գիտեն պլաստիկի վնասների մասին, բայց ասում են՝ մի քանի բացառությունը չհաշված, խանութների դրամարկղերում իրենց այլըտրանքային՝ թղթից կամ կտորից տարբերակներ չեն առաջարկում։

Պլաստիկի մասշտաբային կիրառումը բնապահպանական լուրջ խնդիրների է հանգեցնում։ Այս նյութի դեմ բնությունն անգամ անզոր է։ Պոլիէթիլենի քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, այրելն էլ լուծում չէ՝ թունավոր գազեր են արտադրվում։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ պոլիէթիլենի արտադրության ծավալը օրենքի կիրառումից հետո մեծացել է։ Այսպես՝ 2022-ի հունվար- նոյեմբեր ամիսներին Հայաստանում ավելի քան 8500 տոննա տոպրակ է արտադրվել։ 2021-ի նույն ժամանակահատվածում թիվը 5800-ից պակաս էր։

«Էն, ինչ որ մենք փորձեցինք անել , շատ բացասական անդրադարձավ մեր հանրության վրա, և հանրությունը սուպերմարկետներում տասը-քսան հատ տոպրակ վերցրած տեղափոխում են իրենց ապրանքը։ Էդ ամբողջ տոպրակները տեղափոխվում ա դեպի աղբավայր, կուտակվում և դառնում նույն ցելոֆանի աղբը, որ մենք ունենք և որի խնդիրը որոշել էինք լուծել։ Փաստորեն կանգնեցինք անլուծելի խնդրի առաջ», - ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով, սկզբից էլ այս օրենքը խնդրահարույց էր, այլ կարգավորումներ էին պետք, լուծումը մեկն է՝ պոլիէթիլենի ուղիղ արգելքը. - «Մեզ մոտ SOS վի-ակ ա էս առումով։ Եթե գնաք աղբավայրեր, դուք կտեսնեք ինչ ա մեզ մոտ կատարվում»։

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ այս օրենքի ձախողումից հետո հիմա էլ նոր նախագիծ են մշակում, այս անգամ մտադիր են արգելել նաև հաստ տոպրակների վաճառքը։ Բայց դատելով պատասխանից՝ դա շատ արագ տեղի չի ունենա, քննարկումների համար մինչ 2024-ի նոյեմբեր ժամանակ ունեն։

XS
SM
MD
LG