Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում

Ոստիկաններն ավելի քան մեկուկես ամիս է՝ չեն կարողանում գտնել Գորիսի բնակչին հրազենային վիրավորում հասցրած Տիգրան Խաչատրյանին։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։

Քննչական կոմիտեն կրտսեր Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ ապօրինի զենքով խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հոդվածներով։ Կալանավորելու որոշում էլ կա, բայց որոնվողը չկա։

«Ազատությունը» նրա փաստաբան Վահագն Քեշիշյանին հարցրեց՝ ինչո՞ւ է թաքնվում Տիգրան Խաչատրյանը։

«Նախ չի թաքնվում, երկրորդը՝ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, 8 օր շարունակ խախտելով անձի անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը, այս դեպքում Դուք լինեիք, ի՞նչ կանեիք, կվստահեի՞ք այն համակարգին, ով ապօրինի չի ցանկանում ունենալ պաշտպան, հա՞։ Անձի պաշտպանության իրավունքի խախտումը հետագայում նաև սկսվող և շարունակվող արդար դատաքննության սկզբունքի խախտում է, անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահներին արդեն կես ամսից ավելի չի հաջողվում հայտնաբերել Տիգրան Խաչատրյանին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանը պետք է կալանավորվի

Քրեական տարբեր աղմկահարույց պատմություններով հայտնի Տիգրան Խաչատրյանն, ըստ Քննչական կոմիտեի, անվադողեր գնելու նպատակով պայմանավորվել է 46-ամյա մի գորիսեցու հետ, նրա եղբորորդու հետ հեռախոսազրույցի ընթացքում Տիգրանին դուր չի եկել իրեն դիմելու ձևը։ Շուրջ 11 տարի Սյունիքի մարզը ղեկավարած նախկին մարզպետի որդին, ըստ պաշտոնական հայտարարության, երկու մտերիմների հետ գնացել է այդ ավտոտեխսպասարկման կետ՝ պարզաբանումներ սկսել, հայհոյանքներ հնչեցրել, իրեն ամրակցված ապօրինի հրազենով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել 46-ամյա տղամարդուն։

Փաստաբանը պնդում է՝ Խաչատրյանի մոտ զենք չի եղել, այն էլ ապօրինի։ Ասաց ավելին՝ քրգործով առանցքային վկան իրեն է դիմել ու ասել, որ նախնական գրած ցուցմունքն ու տեսածն այդքան էլ չեն համընկնում, միջնորդել է, որ Քննչականը կրկին հարցաքննի վկային. - «Հանդիպման ընթացքում հայտնեց, որ իր տեսածով չի Քննչականում ցուցմունք տվել, ինքը տեսել է թերի, բայց գրած է լիարժեք, ինքն իր տեսածը չի գրել»։

Սահմանները Հայաստանի լքե՞լ է, Գորիս քաղաքի սահմաններո՞ւմ են փնտրել ընդամենը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանի ընտանիքին վերաբերող բոլոր քրեական գործերրը հատ-հատ հիշում է և հենց դրանցից էլ եզրահանգում է՝ ոստիկանները չեն ուզում՝ չեն գտնում երիտասարդին։

«Սահմանները Հայաստանի լքե՞լ է, Գորիս քաղաքի սահմաններո՞ւմ են փնտրել ընդամենը։ Չեն ուզում՝ չեն գտնում։ Որևէ մեկը չի պատրաստվում դրանց պատժել, հեղափոխությունը ևս ոչ մի նշանակություն չի ունեցել։ Այն ժամանակ Բուդաղյանների պատմությունն եք հիշում, այդ սպանությունը։ Այդ նույն տղան էր չէ՞ կրակել։ Այս իրավիճակն է շարունակվում, ոչինչ չի փոխվել։ Էլի կրակում է չէ՞ փաստորեն ինքը, որևէ առիթի դեպքում կրակում է», - ասաց նա։

Իրավապաշտպանը կարծում է, որ Տիգրան Խաչատրյանը չի էլ լքել Գորիսը կամ առհասարակ Հայաստանը։ Փաստաբանն էլ չհերքեց, ասելով, որ նման տեղեկություն չունի։

Հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանը 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, բայց դատարանը նրա գործողությունները որակել էր որպես ինքնապաշտպանություն ու արդարացրել։ Նա նաև նախորդ տարի կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգություններին էր մասնակցել, ըստ իրավապահների՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել, հետո մեկ ամսով կալանավորվել ու ստորագրությամբ ազատ արձակվել, այս գործն էլ օրերս կարճվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտակ Բուդաղյանը բողոքարկելու է Վերաքննիչի որոշումը

Հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։ Ուղիղ հինգ տարի էլ նա է հետախուզվում։ Նրա երկու որդիները մեղադրվում էին փաստաթղթերի կեղծմամբ ու խաբեությամբ բանակից խուսափելու համար։ Հեղափոխությունից հետո այս գործերը վերաբացվել են և կրկին փակվել։