Մատչելիության հղումներ

Արտակ Բուդաղյանը բողոքարկելու է Վերաքննիչի որոշումը


Նրա փաստաբան Հայկ Ալումյանի կանխատեսմամբ, մարզպետի «անպատժելի ընտանիքը» նորանոր քրգործերի է առնչվելու:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երեք տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի որոշումը, որով անփոփոխ էր թողնվել առաջին ատյանի վճիռն ու վերահաստատվել՝ Բուդաղյանը մարզպետի ընտանիքի անդամների հասցեին մահվան սպառնալիքներ է հնչեցրել:

Մահացու կրակահերթերից հետո դատարանի առջև միայն սպանվածի եղբայրն էր կանգնել՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը: Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, թե առանձնապես ակնկալիք չունեն նաև վճռաբեկ ատյանից: «Եթե կա մի չնչին հավանականություն, որ էդ ատյանը կարող է վերականգնել արդարությունը, մենք պարտավոր ենք էդ ատյանը օգտագործել և մենք դա կանենք»,- այդուհանդերձ, ասաց Ալումյանը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մեկ տարի առաջ մեղավոր էր ճանաչել Բուդաղյանին՝ որսորդական հրացանով Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար: Փաստաբան Ալումյանի պնդմամբ, թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանն ակնհայտ ապօրինի վճիռներ են կայացրել: «Էն պարագաներում, որոնք որ բացահայտվեցին քրեական գործի քննության ընթացքում, Արտակ Բուդաղյանի նկատմամբ միանշանակ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ»,- շարունակում է փաստաբանը:

Քանի որ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, ըստ փաստաբանի, պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են եղել սպանության սպառնալիքները: «Եթե տեսագրությունները նայում եք, հենց Լորետա Բարսեղյանն է էդ ամբողջ ընտանիքից միակը, որը որ հանգիստ մոտենում էր Արտակ Բուդաղյանին, հրելով նրան՝ հեռացնում էր դեպքի մնացած մասնակիցներից և այլն: Այսինքն՝ ակնհայտ երևում էր, որ ով-ով՝ Լորետա Բարսեղյանն իր կյանքի համար վախենալու պատճառ չունի»,- պարզաբանում է Հայկ Ալումյանը:

Փաստաբանը դատաքննության ընթացքում պնդում էր՝ եթե Բուդաղյանը արդարացվի սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքի մասով, ապա մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը պետք է կանգնի դատարանի առաջ: «2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հայտնի դեպքի ժամանակ, Արտակ Բուդաղյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք: Այ, որպեսզի Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելը թվա արդարացի, այսինքն՝ թվա, թե Սուրիկ Խաչատրյանի տղան իրավաչափ է գործել, անհրաժեշտ էր Արտակ Բուդաղյանին վերագրել էնպիսի գործողություն, որի ֆոնի վրա Սուրիկ Խաչատրյանի տղայի կրակոցը թվար իրավաչափ: Եվ էդ գործողությունը մոգոնել էին՝ սպառնալիքներ․․․»,- շարունակում է փաստաբան Ալումյանը:

Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո տեղի ունեցավ Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ կապվող մեկ այլ հանցագործություն՝ Գորիսի «Սդղի գյոլ» տարածքում վիճաբանության ժամանակ երկու երիտասարդ եղբայրներ ծեծի ենթարկվեցին: Նրանցից մեկը, ըստ տուժածների հարազատների, կորցրեց մի աչքի տեսողությունը, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին, ում անունը սերտորեն կապվում էր այդ ծեծկռտուքի հետ, որոշ ժամանակ կալանքի տակ մնալուց հետո կրկին ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց:

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ այս ու Սուրիկ Խաչատրյանի անվանն առնչվող մյուս գործերը ցույց են տալիս, որ մարզպետի ընտանիքը հովանավորվում է: «Ցավոք, ես հիմա նորից կանխատեսում եմ, որ էդ ընտանիքի հետ կապված նորանոր քրեական գործեր են հետագայում առաջանալու, որովհետև եթե որևէ մեկը զգաց իրեն անպատժելի, ապա շուտ թե ուշ, ինքը նորից ու նորից էդպիսի պատմությունների մեջ է լինելու»,- ասում է Ալումյանը:

Բուդաղյանների ընտանիքի բարեկամ՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի հավատում, թե Բուդաղյանների գործով ինչ-որ բան կփոխվի: Գործարարը չբացառեց, որ նոր միջադեպեր կարող են լինել Սյունիքում, նշելով, որ օրեր առաջ Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրված մարզպետն իր ձեռքում է կենտրոնացնում բոլոր լծակները: «Էս ամբողջ քայլերի տրամաբանությունը տանում է նրան, որպեսզի էն մարդիկ, որոնք ունեն սեփական կարծիք, սեփական դիրքորոշում, որոնք տրամագծորեն տարբերվում են իրանց կարծիքից, թողնեն ու մարզից գնան: Ու էդ ճանապարհին ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG