Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ ուշ երեկոյան հաստատեց, որ արցախցի 61-ամյա տղամարդը հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, երեկ ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր, թե Բեգլարյանը խախտել է ադրբեջանա-հայկական պետական սահմանը Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքով անցնող հատվածում, որտեղ էլ ձերբակալվել է։
Արցախի իշխանությունները հաղորդում են, որ միջադեպի մասին տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերին։ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Բեգլարյանը Շուշիից տեղահանված բնակիչներից է։
Բաքվի հաղորդագրությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքները գրեցին, թե իբր ձերբակալված տղամարդը դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդներից է։ Երեկ ուշ երեկոյան բեռնատարներին ուղեկցող Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հերքեց այդ լուրը։
«Կարծում եմ, այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը։ Այս տեղեկատվությունը սադրանք է, սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և SPAYKA ընկերության հետ։ Վարորդների հետ կապված, կարող եմ ասել, որ բոլորը տեղում են, և որևէ խնդիր չկա այս առումով», - ասաց Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Բեռնատարները դեռ կանգնած են Կոռնիձորում
Սարգսյանը, որ անցած շաբաթվանից Սյունիքում է, նաև տեղեկացրեց, որ բեռները պաշարված Արցախ հասցնելու հարցում որևէ տեղաշարժ չկա։ Մեկ շաբաթից ավելի է բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։ Պաշտոնյայի խոսքով՝ ռուս խաղաղապահներից դեռևս պատասխան չեն ստացել։
«Ստիպված եմ ափսոսանքով նշել, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված այս պահին փոփոխություններ չկան։ Միևնույն ժամանակ նկատվում է միջազգային հանրության կողմից այս իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ», - ասաց Սարգսյանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խորը ճգնաժամի հարցով երեկ համատեղ հայտարարություն են տարածել Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն։
Եվրոպացի օրենսդիրներն իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական վիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ աջակցում են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը և դատապարտում մարդասիրական մատակարարումների շարունակական շրջափակումը:
Երեկ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը Եվրախորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել են հայերը՝ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի օրենսդիրները կոչ են անում Բաքվին անհապաղ բացել Լաչինի միջանցքը