Միջազգային հանրությունը պետք է հասկանա կարևոր նրբերանգներ
Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում Euronews հեռուստակայանը ձեռք է բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հարցազրույցներ անցկացնելու պայմանավորվածություն:
«Համաշխարհային զրույց» հաղորդաշարի այս թողարկման թեման Լեռնային Ղարաբաղն է՝ արդիական պատմության ամենաերկարատև հակամարտություններից մեկը:
Հայաստան և Ադրբեջան այցելած թղթակից Անելիզ Բորջեսը նույն հարցերն է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Իլհամ Ալիևին:
Արդյոք նրանք հավատո՞ւմ են խաղաղությանը: Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ, այն հնարավոր է, սակայն առկա են խոչընդոտներ՝ ադրբեջանական կողմը չի կատարում խոստումները, օրինակ, գերիների վերադարձի հարցում և կոնկրետ թիվ չի հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
«Խաղաղություն ոչ միայն կարող է, այլև պետք է։ Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ։ Որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա կարևոր նրբերանգները, հասկանա, թե ինչու մենք արագ տեմպերով առաջ չենք գնում»,- ասել է Փաշինյանը:
Նա խոսել է բրյուսելյան նախավերջին հանդիպման մասին: Դրան մասնակցել է նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
Մինչ այժմ Ալիևը հրապարակայնորեն չի հաստատել համաձայնությունը
«Ես ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցինք, ավելի ճիշտ՝ հասկացանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանի տարածքը 29․8 հազար քառակուսի կիլոմետր և Ադրբեջանինը՝ 86․6 հազար քառակուսի կիլոմետր: Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ: Ես հրապարակավ հաստատեցի այդ փաստը: Մինչ այժմ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել մեր համաձայնությունը։ Ճիշտ է, չի էլ հերքել։ Սա դետալ է, որը չի նպաստում վստահության մթնոլորտ ստեղծելուն։ Եվ նաև մենք պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, և այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել, բայց պետք է հետևողականորեն աշխատել»,- ասել է վարչապետը:
Նախագահ Ալիևի հավաստիացմամբ, խաղաղությունը հնարավոր է, բայց դրա համար Հայաստանը պարտավոր է կառուցողական լինել և հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից:
«Այդ դեպքում գուցե մինչև տարեվերջ մենք կկարողանանք գտնել խաղաղ լուծումը»,- նշել է Ալիևը:
Աշխարհաքաղաքական «խանդի» գործոնը
Ուկրաինայում ընթացող արյունալի պատերազմի հետևանքով սուր առճակատման մեջ են ներքաշվել Ռուսաստանը և Արևմուտքը: Մինչդեռ, այդ երկու բևեռներն էլ ներգրավված են ղարաբաղյան գործընթացում: Ինչպե՞ս է դա ազդում հայ-ադրբեջանական խնդրի վրա:
Հայաստանի վարչապետն ընդունում է, որ կա նման մրցակցություն:
«Գիտեք, իրականում տենց դրվագներ լինում են, երբ որ, պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում, բայց ես հիմա ուրախությամբ պիտի նկատեմ, որ կարծես թե այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան, մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի գործընթացի համար, իրենք դա ողջունում են, բայց մյուս կողմից, իհարկե, առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը», - ասաց Հայաստանի վարչապետը։
Մինչև պատերազմը գործել է Մինսկի խումբը, սակայն 2022 թվականի փետրվարի 24-ից այն, ըստ էության, չի աշխատում:
Ադրբեջանի նախագահի տեսակետից շատ բան չի փոխվել: Իր երկիրը լավ հարաբերություններ ունի թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի հետ:
«Մեզ համար նշանակություն չունի, թե որ կողմը կստանձնի բանակցություններում լիդերի դերը, կարևորն արդյունք է»,- ասել է Ալիևը:
Նա հպարտությամբ հայտնել է, որ հաղթանակը պատերազմում իր կյանքի նպատակն է եղել, և այն իրականություն է դարձել, իսկ հիմա պետք է աշխատել խաղաղության վրա:
«Ինչո՞ւ զոհվեցին մեր երեխաները»
Հայաստանի ղեկավարն էլ խոսել է քաղաքական լիդերների վրա դրված ծանր բեռի և պատասխանատվության մասին:
«Կարող է հարց հնչել՝ եթե դուք հիմա գնում եք այդպիսի փոխզիջումների, բա մեր երեխաները ինչո՞ւ զոհվեցին։ Եվ այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի: Եվ այդ հարցը ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է»,- ասել է Փաշինյանը:
Ի՞նչ պատգամով կարող է Ադրբեջանի ղեկավարը դիմել հայերին, իսկ Հայաստանի ղեկավրը՝ ադրբեջանցիներին:
Երկու ղեկավարների ուղերձները ժողովուրդներին
«Ուղերձ հայերի՞ն: Առաջին անգամ են ինձ նման հարց տալիս: Ուղերձս կլինի այն, որ մենք ուզում ենք խաղաղություն այդ պետության հետ: Մյուս ուղերձն էլ այն է, որ հայերը պետք է հստակ ըմբռնեն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը»,- ասել է Ալիևը:
Նա դիմել է նաև Ղարաբաղի հայերին, խորհուրդ տալով նրանց, որ չվստահեն իրենց լիդերներին, չմնան պատանդների կարգավիճակում:
«Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով Ադրբեջանի հասարակության մաս, ստանալով անվտանգության երաշխիքներ, կրթական, մշակութային, կրոնական և մունիցիպալ իրավունքներ՝ նրանք բնականոն կյանք կունենան»,- ասել է Ալիևը:
«Կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն՝ այդ պահանջը իրականացնելու»,- ասել է Հայաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական ապագա սահմանը, Ղարաբաղի հայերը՝ «ընտրության» առաջ. Փաշինյանի և Ալիևի հարցազրույցները Euronews-ին