Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է. Երևանում ակցիաներ են

Ադրբեջանը մինչև հաջորդ երեքշաբթի պետք է Ստրասբուրգի դատարանին տեղեկություններ տրամադրի Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի ու հնարավոր վերադարձի մասին, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։

Շաբաթ օրը արցախցի 68-ամյա տղամարդը Կարմիր խաչի մեքենայով Երևան՝ վիրահատության էր գալիս, ադրբեջանցի սահմանապահները Հակարիի անցակետից տարան ու ձերբակալեցին նրան։ Լաչինի փակ միջանցքով միայն Կարմիր խաչի մեքենաներն էին անցնում՝ արցախցի ծանր հիվանդներին տեղափոխելու երևանյան բուժհաստատություններ։ Այժմ փակվեց այս մի հնարավորությունը ևս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի դուստրը միջազգային կառույցներից պահանջում է վերադարձնել հորը


Երևանում, տարբեր հասցեներում շարունակվում են բողոքի ակցիաները՝ միջանցքը բացելու, առևանգված արցախցուն վերադարձնելու պահանջով։ Կարմիր խաչի մոտ երիտասարդներն են հավաքվում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև սնունդ է կուտակվել Արցախ ուղարկելու պահանջով։

«Այն, ինչ որ հիմա ապրում է արցախցին, Եվրոպայում մի օր չէին դիմանա, ոչ մի տեղ չէին դիմանա, երևի մեկ էլ Աֆրիկան է էդ վիճակին», - ասում է Սրբուհի Բալայանը։

Միջազգային կառույցներից բացի, պահանջ կա Հայաստանի կառավարությանը։

«Մենք պարտադրում ենք, որպեսզի ինքը դիմի Անվտանգության խորհուրդ և ներկայացնի իրավիճակը, և թող քննարկեն հարցը», - նշում է
«Վերադարձ դեպի դիզակ» կազմակերպության ղեկավար Մարգարիտա Քարամյանը։

Նա կառավարության շենքի առջև էր՝ նամակ փոխանցելու վարչապետին, պնդում է՝ միջազգային հանրությունից շատ բան ակնկալել չեն կարող, քանի դեռ Հայաստանի իշխանությունն է հրաժարվում փրկել ազգակիցներին. - «Մենք ոչ մի ակնկալիք չենք կարող ունենեալ, եթե Հայաստանն ինքը տեղից չի շարժվում։ Մի բան լսո՞ւմ եք բացի Հայաստանի կառավարությունից, բացի նրանից, որ իրենք ամեն օր այս վերջին ամսվա ընթացքում հայտարարում են, որ ընդհանրապես հրաժարվում են Արցախի գոնե բնակչության ճակատագիրը որոշելուց»։

Կառավարության շենքի մոտ էր նաև Ալվարդ Զաքարյանը՝ մանկահասակ երեխան գրկին։ Ասում է՝ լավ կլիներ, որ տարբեր վայրերում անցկացվող այս բոողքի շարժումները մեկտեղվեին. - «Այս ամեն ինչի ՕԳԳ-ն էլ եսիմ ինչ չի, մենք վստահ չենք, բայց չենք կանգնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի օմբուդսմենն ահազանգում է՝ մարդիկ հոգեկան գերլարված վիճակում են, թերսնված, ուշագնացության դեպքերն աճում են

Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում։ Այսօր մարդիկ հացն անգամ դժվարությամբ են ճարում։ Գյուղաջակցության հիմնադրամի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ալրաղացները ալյուր արտադրում են այժմ հնձվող ցորենից, այն տեղումների պատճառով խոնավ է, ու ալյուրի արտադրման գործը ավելի երկար է տևում։

«Այլուր ներկայումս տրամադրվում է, ուղղակի քանակը վերանայվել է, և կխնդրեինք բնակչությանը գնումները կատարել օրվա պահանջարկի համապատասխան, որպեսզի կարողանանք բավարարել բոլորին», - հորդորում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Հարությունյանը։

Իսկ հացի սպառումն Արցախում աճել է, քանի որ ուտելու այլ բան գրեթե չի մնացել։

Սիլվա Խաչատրյանը 8 երեխաների մայր է։ Ասում է՝ ձեթ, շաքարավազ սպառվել են վաղուց, այսօր տնամերձից մի քանի բանջարեղեն է բերել ամուսինը, դրանով ապուր է պատրաստել, հետո ինչ կուտեն՝ միայն անորոշություն է. - «Շատ վատ վիճակում ենք, ոչ մի բան չկա խանութներում։ Ահավոր վիճակում ենք»։


Ֆեյսբուքի իր էջում ստեփանակերտցի Ռուզան Խաչատրյանն էր օգնություն խնդրում՝ «բալիկներս սովի են մատնվել»։ Ռուզանը 5 երեխա ունի՝ 3-13 տարեկան, նրանցից երկուսը հաշմանդամություն ունեն. - «Ձեթ չկար, որ ես իմ երեխեքի համար ճաշ պատրաստեի, կարտոֆիլը ջրի հետ եփել եմ, տվել։ Պեսոկ չկար, քաղցր չկար, որ տայի»։

Նախորդ օրը երեխաներից մեկը չի մարսել տան միակ մթերքը՝ դեղին ոլոռը։ Այսօր արդեն արցախցի մայրը սոցապից ձեթ, շաքարավազ ու մակարոնեղեն էր ստացել, նաև Հայաստանի քաղաքացիներից են նրան գումար փոխանցել, որ եթե մթերք գտնվի, գնել կարողանա. - «Ես որ չգրեի, ինձ չէին օգնի, իմ երեխեքը սովամահ կլինեին, ստիպված էի հանուն իմ բալիկների։ Ամաչելով գրել եմ»։


Ստեփանակերտի հերթերում կանայք երեխաներ ուշաթափվում են։ «Մարդիկ հոգեկան գերլարված վիճակում են, թերսնված, ուշագնացության դեպքերն աճում են»,-ահազանգում է Արցախի օմբուդսմենը։

233 օր Արցախը պաշարման մեջ է։ Հունիսի 15- ից հետո ոչ մի կիլոգրամ բեռ չի անցել Արցախն աշխարհին կապող միակ՝ Լաչինի միջանցքով։

Արցախի երիտասարդները Ստեփանակերտի կենտրոնից ֆլեշմոբով փրկության կոչ են ուղղել միջազգային հանրությանը, իրենց մարմիններով պատկերել SOS, միացրել SOS ազդանշանը։