Սմբատյանների գործով անցնող Արման Պետրոսյանը ևս կալանավորվեց

Առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով մեղադրյալ, գործարար Արման Պետրոսյանը ևս կալանավորվեց, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Երեկ դատախազությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։ Դատախազությունը հաղորդեց, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև գործարար Արմեն Պետրոսյանը, ով ևս հայտնաբերվել և ձերբակալվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպանը. դատախազություն

Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը նախ իրավական շիլափլավ է որակել դատախազության ներկայացրածը՝ այսօր Ֆեյսբուքում գրելով․ - «Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը»։

Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, նաև գրել է Վարոսյանը՝ շեշտելով․ - «Վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է»։