Ձերբակալվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։
««Սոխոսենթր» ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր ու պատրաստ է իր միջոցների հաշվին Չայկովսկու անվան դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
2012-ին կառավարության այս որոշմամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում շուրջ 170 միլիոն դրամ արժողությամբ տարածքն օտարվել է «Սոխոսենթր» ընկերությանը, որն, ըստ իրավապահների, պատկանում է Սմբատյաններին։ Նրանք այդպես էլ տարածքում «Գրքի աշխարհ» չեն կառուցել, և փոխարենը տարածքում հիմա 17 հարկանի բիզնես կենտրոն է վեր խոյանում։ Դատախազությունն այս ներդրումային նախագիծը կեղծ է որակում՝ նշելով, որ այն ներկայացվել է տարածքը խարդախությամբ հափշատակելու համար։
Իրավապահներն այս գործը քննում են արդեն մի քանի տարի։
Ըստ դատախազության՝ Հայաստանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ռուսաստանում և Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, չցանկանալով, որ որդու անունը բիզնեսի հետ կապվի, իր ազգականներից մեկին համոզել է Սերգեյ Սմբատյանի համար հիմնադրել «Սոխոսենթր» ընկերությունը։ Ավագ Սմբատյանի ազգականից զատ, ընկերության մյուս համահիմնադիրն է դառնում մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանի մտերիմը։
Հիմնադրումից ընդամենն օրեր անց «Սոխոսեթրի» այն ժամանակվա տնօրեն, այժմ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ղեկավարող Նիկոլայ Կոնստադյանը քաղաքապետին այդպես էլ չիրականացված ներդրումային նախագիծն է ներկայացնում, հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ շարունակելով. «Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Պողոսյանը, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Արդյունքում՝ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ ծրագիրը»։
Ամիսներ անց, ըստ իրավապահների, Հասմիկ Պողոսյանը «Սոխոսենթրի» հետ «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր է կնքել՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը՝ «Գրքի աշխարհի» կառուցումը։ «Արդյունքում՝ Հասմիկ Պողոսյանը «Սոխոսենթրի» բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս», - նշում է իրավապահ կառույցը:
Սմբատյաններն առայժմ մեղադրանքին չեն արձագանքել, նրանց փաստաբանների հետ կապ հաստատել չի ստացվում։ Հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանը նույնպես այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, իրավապահներն այժմ միջոցներ են ձեռնարկում համահիմնադիր Արման Պետրոսյանին գտնելու համար։
Ավագ Սմբատյանն ու մշակույթի նախկին նախարարը մեղադրվում են նաև Երևանի կենտրոնում գտնվող մեկ այլ ՝ ԱՕԿՍ-ի շենքը օտարելու գործով։ Սերգեյ Սմբատյանն, ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։