Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հաղորդում հետախուզման մեջ գտնվող, նախկին ոստիկան, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ։
Մասնավորապես, երեկ իրավապահները հաղորդեցին, որ նոր քրեական գործ են հարուցել Ղուկասյանի ու նրա մտերիմների վերաբերյալ, նրանք դեռ 2021 թվականին ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, դրա մեջ ներգրավել է այս պահին քննությանը հայտնի 10 անձի։ Ընդ որում՝ այդ տասը անձանցից մեկն էլ նախկին ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է, որը մի քանի շաբաթվա տնային կալանքից հետո օրերս կալանավորվել է։
«Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վարդան Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վարդան Ղուկասյանին», - հաղորդում է Քննչական կոմիտեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հետախուզում է հայտարարվել ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի նկատմամբԸստ Քննչականի, նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ, նրա անունը չի հրապարակվում։
Պաշտոնյաներին վարկաբեկող իր հայհոյախառն եթերներով հայտնի «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը դեռ ամիսներ առաջ հերքել էր մեղադրանքը, այն ժամանակ, սակայն, իրավապահները դեռ միայն շորթման մասին էին խոսում:
«Իմ հեղինակության հետ խաղում են ոնց ուզում են, ոնց կարում են... էլ շորթումով, Տիգրան Արզաքանցյանով և այլն։ Հիմքում դրված է երկու ռուսական հեռախոսահամար, որ իմ ձեռքի տակ չեն, իմը չեն, իմ հետ կապ չունեն, էդ հեռախոսահամարներով դրել են ու ամբողջ հանրությանը մեղմ ասած ապակողմնորոշում են», - ասել է Ղուկասյանը։
Քննչականը հայտարարում է, որ Ղուկասյանի ստեղծած հանցավոր կազմակերպությունը տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ շանտաժի միջոցով չորս դրվագով մոտ կես միլիոն դոլարի շորթում է կատարել։
«Հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վարդան Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ այդ գործառույթն ստանձնած անդամները»,- հայտարարում են Քննչականից։
Իրավապահները հաղորդում են, որ այս գործով կալանավորված նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, օրինակ, մոնտաժել է դատավորներից մեկի լուսանկարը, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ և այն ուղարկել Վարդան Ղուկասյանին։ Վերջինս էլ այն հեռարձակել է։ Քննչականը այսօր գաղտնալսումներ է հրապարակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիգրան Առաքելյանը կալանավորվել էԲացի այդ, ՔԿ-ի հաղորդմամբ, Առաքելյանը տիրապետել է Ղուկասյանի համար շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին և Ղուկասյանի նպատակների համար սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգտահաշիվներ։
Նախքան կալանավորվելը՝ տնային կալանքի տակ գտնվող Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերով պնդել էր, թե իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու նրա ենթական, և որ իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էին պահանջում՝ մասնավորապես, արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ, իր հերթին, Վարդան Ղուկասյանին փոխանցի։
«Աբազյան Արմենին ե՞րբ ես վերջին անգամ տեսել», ասում եմ՝ «չեմ կարա հիշեմ, հեռուստացույցով, անձամբ չեմ ճանաչում»: «Քեզ անձամբ էր տալի՞ս ինֆորմացիա, թե՞ Անդոյի միջոցով», Անդո, վստահաբար գիտեմ, որ ինքը նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին: Նույնաբովանդակ ցուցմունք էր պահանջվում ինձնից գլխավոր դատախազի՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը 2007-8 թվականներից իմ ամենամոտ ըներկներից մեկն ա», - նշել է Առաքելյանը:
Քննչական կոմիտեն, որ Վարդան Ղուկասյանի ու Տիգրան Առաքելյանի գործով ակտիվ բացահայտումների մասին է հայտարարում, հերքել էր այս պնդումները։ Վարդան Ղուկասյանը վերջերս պնդել էր, թե անարգել մուտք է գործել Հայաստան, Գլխավոր դատախազությունից «Ազատության» հարցմանը պատասխանել էին, թե նման տեղեկություն չունեն։