Ծեծի հետևանքով չորս տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը երեկ մահացել է

Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ իշխանական խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականի կողմից ծեծի ենթարկված փոխգնդապետը, որը չորս տարի կոմայի մեջ էր, երեկ մահացել է։ Նրա մահից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հոդվածով։

Մեծ աղմուկ հանած այս միջադեպից հետո գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանը առանց գիտակցության 4 տարի հիվանդանոցում էր՝ միացված արհեստական շնչառության սարքին։ Այժմ իրավապահները նախ պետք է պարզեն՝ արդյո՞ք նրա մահը բժշկական սխալի հետևանք է, թե՞ այն վրա է հասել տարիներ առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարզպետի օգնականի հարվածներից։

«Ո՞նց կարա մի բռունցքի հարվածով 120 կգ տղուն գցեն վար ու գանգը փշրվի, գանգուղեղի օպերացիա է տարել տղես», - ասել էր հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն ստուգում է Վայոց ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետի մասնակցությունը

Արդյո՞ք մահվան հանգամանքը հիմք չէ՞ վերաորակելու ՔՊ-ական նախկին մարզպետի օգնականի արարքը՝ իրավապահները դեռ չեն պարզաբանում։

Այս գործին հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, սակայն, կարծում է՝ պետք է նոր քննություն սկսվի, թեև հույս չունի, որ Քննչականը կուսումնասիրի նաև իշխող ուժի ներկայացուցչի հնարավոր մասնակցությունը միջադեպին։

«Վստահ չենք, որ քննությունը կատարվել է օբյեկտիվ և բազմակողմանի, բազմաթիվ տեղեկություններ կային, որ վեճին մասնակցել է նաև այդ ժամանակ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և բազմաթիվ տեղեկություններ կային այդպիսի, բայց հետագայում նա հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, որով իրեն փորձեց առանձնացնել այդ կատարված հանցագործությունից», - ասաց Ալեքսանյանը:

Եղեգնաձորում տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը հարվածներ էր հասցրել զինվորականին, որը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Տուժողի ընտանիքը շարունակաբար պնդում էր՝ նախկին մարզպետը ևս դեպքին մասնակցել է, սակայն քննությունը հակառակն էր ապացուցել։ Ինքը՝ Տրդատ Սարգսյանը ևս հերքել էր իր մասնակցությունը աղմկահարույց միջադեպին:

«Ես եղել եմ տանը, և մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը 10-ի կողմերը և բարձրանում տուն», - ասել էր Տրդատ Սարգսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդեն կես տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատներն արդարություն են պահանջում

Այս գործում սկզբում երկու մեղադրյալ կար՝ մարզպետի օգնականն ու նրա եղբայրը, որը, սակայն, արդարացվել էր հենց նախաքննության ընթացքում։

Փաստաբան Լևոն Սահակյանի խոսքով՝ պարզվել էր, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել։ Իսկ մյուս մեղադրյալը՝ մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ընդունել էր, որ հարվածել է փոխգնդապետին։ Կռիվ է եղել, փոխգնդապետն ու ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, վեճ են հրահրել։

«Որևէ նկատողություն չի անում, որևէ խոսք չի ուղղում դեպի այդ զինվորականներին, պարզապես նայում է այդ զինվորականներին: Նայելուց հետո Արա Մխիթարյանը և իր ընկերները մոտենում են՝ ինչի ես նայում և այլն, ու սկսում են քաշքշել Հարություն Գրիգորյանին: Հարություն Գրիգորյանը փախչում է, մտնում է իրենց մուտք, բարձրանում է մինչև իրենց հարկ, զինվորականները Հարություն Գրիգորյանին հետապնդում են մինչև իրենց հարկ: Հարություն Գրիգորյանը մի կերպ կարողացել է համոզել, որ զինվորականներն իջնեն ներքև, իջնելուց հետո ինքը իջել է ներքև, այդտեղ նորից հրահրվել է կռիվ և Հարություն Գրիգորյանի հարվածները տևել են մոտ 2-3 վայրկյան», - ասաց փաստաբանը:

Հարություն Գրիգորյանը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար դեռ 2022-ի հունվարին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Փաստաբան Սահակյանը բողոքարկել է այս դատավճիռը։ Պնդում է՝ թեև այս գործով պաշտպանյալը միակ մեղադրյալն է, բայց նրան վերագրել են հանցանք, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և այդպես էլ չեն պարզաբանել՝ ովքեր են մյուս մեղադրյալները։ Եթե Հարությունյանին մեղադրեին միայնակ հանցագործություն կատարելու համար, ապա այդ դեպքում նա կարող էր դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ Սահակյանը, միևնույն ժամանակ, չի կարծում, որ Գլխավոր դատախազությունը կվերաորակի պաշտպանյալի արարքը՝ նրան վերագրելով տուժողին մահ պատճառելու մեղադրանք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վայոց Ձորում փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպի գործով ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը

«Մինչ օրս էլ Հարություն Գրիգորյանի և բոլորի համար անորոշ է, թե ովքեր են այդ երևակայական այլ անձինք, ովքեր Հարություն Գրիգորյանի հետ համատեղ իբր թե հարվածներ են հասցրել պարոն Մխիթարյանին», - նշեց փաստաբանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այս դեպքը համեմատում է տարիներ առաջ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքի հետ։ Նրան դաժանաբար ծեծել էին այն ժամանակվա իշխող ուժի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանում՝ հենց Հայրապետյանի աշխատակիցները։ Ավետյանի մահվան գործում, սակայն, Հայրապետյանը չկար։

«Այն ժամանակ՝ դեռ 4 տարի առաջ այդքան ակնհայտ չէր, որ հանուն ՔՊ-ականների կարող են այսպիսի կոծկել ու շեղել քննություն ընդհանրապես: Ես այդպիսի տպավորություն ունեմ այս քննությունից, դատավճռից, մեղադրանքից», - ընդգծեց Ալքսանյանը:

Իրավապաշտպանը ևս մեկ գործոն է վկայակոչում՝ փոխգնդապետի գործում եղել են վկաներ, որոնք պնդել են՝ նախկին մարզպետը դեպքի վայրում է եղել, սակայն քննությունը պարզել է, որ երեք զինվորականները ստում են և այժմ նրանց մեղադրում են սուտ մատնության համար։