Մատչելիության հղումներ

Ծեծի հետևանքով արդեն կես տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատներն արդարություն են պահանջում


Անցած սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է: Հարազատները վրդովված են, քանի որ օրեր առաջ այս գործով մեղադրյալներից Զավեն Գրիգորյանը, ով Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Զավենի եղբայրը՝ Հարությունը, մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը Զինվորական հոսպիտալի, Կառավարության շենքի առջև է բողոքի ակցիաներ անցկացնում՝ պահանջելով արդար քննություն:

Գյումրիում էլ Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը, և Արայի եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանը, հանդիպեցին լրագրողներին՝ պահանջելով արդար քննություն:

«Որովհետև չի գնում արդար քննություն, որովհետև Ռազմական ոստիկանությունն ու զինվորական օպերատիվ աշխատողներին թույլ չեն տալիս էդտեղ, չեմ հասկանում ինչի: Ով որ իմ էրեխիս հասցրել է էս դուռը, պիտի բոլորը նստած լինեն, բոլորը պիտի պատասխան տան, անկախ ամեն ինչից՝ ունեն ծանոթ, ունեն բարեկամ, ով է թիկունքները, անկախ ամեն ինչից՝ բոլորը պիտի պատասխան տան», - ասաց Սոֆիկ Մխիթարյանը՝ շարունակելով. - «Երբ հանդիպեցին, վարչապետը փոքր եղբոր նման խոսք էր տվել՝ «որպես մեծ եղբայր, ես քեզ խոստանում եմ, որ արդար քննություն կլինի»: Արդար քննությունը ո՞րն է, երբ էնտեղ մասնակից են եղել վեց-յոթ հոգի, էնտեղից ընդամենը ձերբակալեցին երկուսին, ընդ որում՝ մեկին էլ դուրս հանեցին՝ դա արդեն գիտեք: Մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ դուրս բերեցին, միջից հանեցին լրիվ, որ ինքը էդտեղ չի եղել»:

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը ևս շրջանառվում էր, որ ներկա է գտնվել ծեծին, սակայն նախաքննական մարմինը, ուսումնասիրելով տեսախցիկների արձանագրածը, հայտարարեց, որ նա դեպքի վայրում չի եղել՝ տանն է եղել։

Մինչդեռ տուժածի հարազատները պնդում են, որ տեսախցիկներից պարզ չէ՝ նախկին մարզպետը տուն մտնելուց հետո դուրս եկել է, թե ոչ:

Բացի այդ, Արայի հետ միջադեպին ներկա գտնված մյուս զինծառայողները, ըստ հարազատների, ցուցմունքներում պնդել են նախկին մարզպետի ներկա գտնվելու հանգամանքը: «Սպաների պնդումով, սպաները նույնիսկ էնտեղ, երբ կանչել են Քննչական, ամեն ձևի պնդել են, որ «դուք կանգնած եք եղել, դուք չեք մասնակցել կարող է, դուք չեք խփել, բայց դուք էնտեղ կանգնած եք եղել, դուք կանգնել ու նայել եք, թե ինչպես էդ վեց հոգին, յոթ հոգին Արային ծեծում են»:

Հենց այս միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից: Հիմա անազատության մեջ է նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Վերջինիս եղբայրը՝ օրերս գրավով ազատ արձակված Զավեն Գրիգորյանը, իր փաստաբանի հետ ասուլիս էր հրավիրել ու ներկայացրել, թե Արա Մխիթարյանը և ընկերները եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Այս հանգամանքը, ըստ հարազատների, մյուս կողմը փորձում է շահարկել:

«Սպաներին հարբած վիճակով, ի՞նքն ինչ վիճակի է եղել, երբևէ կա՞ իր արյան անալիզները, որովհետև իրենք էլ, կարող է, մենք էլ ոչ մի անգամ չենք ասել, բայց ինքն էլ կարող է թմրանյութի ազդեցության տակ է եղել, որ թույլ է տվել իրեն, ինչ խոսքեր է թույլ տվել, որ սպաներն իրեն հետապնդել են», - ասաց Ցողիկ Մխիթարյանը:

Մյուս պահանջը Արա Մխիթարյանի բուժումն արտերկրում շարունակելն է, քանի որ, ըստ հարազատների, տեղի բժիշկներն արել են հնարավորը, սակայն վեց ամիս է՝ փոխգնդապետի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա:

«Տեղափոխեք իմ էրեխիս, տեղափոխեք, ինչ անում եք, արեք՝ իմ էրեխիս բժշկեք, իմ էրեխիս բուժեք, ինձ տվեք: Էնտեղ բժիշկներից տեղյակ պահեցին, որ իր բջիջները մեռած են, ես չգիտեմ... Բայց մարդիկ մեկ տարով, երկու տարով՝ էդ ընթացքում էլ մարդիկ դուրս են գալիս էդ վիճակից, չէ՞: Ես մտածում եմ՝ էդ մարդկանց բջիջներն էլ են մահացած, որ հետո վերականգնվել՝ դուրս են եկել: Թող հիմի տեղափոխեն, թող տեղափոխեն իմ էրեխիս՝ տանեն ուր կուզեն, ինչպես կուզեն, տեղափոխեն իմ էրեխիս», - ասաց Արայի մայրը:

Սոֆիկ Մխիթարյանը հայտնեց, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը հանդիպել են այս օրերին Երևանում բողոքի ակցիա անցկացնող ամուսնու հետ ու խոստացել, որ քննությունն արդար կընթանա, մեղավորները կպատժվեն: Հակառակ դեպքում, զինվորականի մայրն ասում է՝ կդիմի ծայրահեղ քայլի։

«Եթե հանկարծ մեր էսքան պահանջին ոչ մի արձագանք չեղավ, ես գիտեմ՝ էդ օրերին ինչ կանեմ, ես իմ էրեխեքիս կառնեմ ու կնստեմ շոշի մեջտեղը՝ քյորփեքին կգրկեմ, կգնամ կնստեմ շոշի մեջտեղը, դե թող վարչապետը գա քարոզարշավի», - հայտարարեց կոմայի մեջ գտնվող սպայի մայրը:

XS
SM
MD
LG