Ստեփանակերտին միայն հայտարարությունները չեն բավարարում, Երևանից արցախցիները քայլեր են ակնկալում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ պնդել էր՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է քննարկվեն այդ ձևաչափով ու միջազգային ներգրավվածությամբ։
Հայ-ադրբեջանական մոսկովյան բանակցություններում Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններից հետո Արցախից պահանջեցին հերքել, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգն ու իջեցրել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նշաձողը։ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում և շաղկապվում է ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի հետ։
Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ սպասում են, որ Երևանը կկարողանա հասնել միջազգային հստակ մեխանիզմներով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ու որ օրակարգը նախապես որոշված չլինի։ Այդ դեպքում պատրաստ են Բաքվի հետ գնալ բանակցությունների՝ թեկուզ վաղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հայերի իրավունքների հիմնախնդիրը չի կարող փոխկապակցվել ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների հարցի հետ. ԱԳՆ«Եթե խոսվում է ազգային փոքրամասնության կամ այլ ձևակերպումների մասին, իհարկե, արդեն նախապես օրակարգը որոշված է: Այս դեպքում այդ հանդիպումը չի կարող որևէ արդյունք ունենալ: Պետք է լինեն միջազգային երաշխավորված մեխանիզմներ և նաև օրակարգը չպետք է լինի նախապես որոշված կամ նախապայմաններով, ճնշման տակ: Մենք միշտ էլ կողմ ենք հանդիպումներ ունենալու, քննարկելու, մեր տեսակետները ներկայացնելու, իրենց տեսակետները լսելու, բոլոր պատմաիրավական, քաղաքական ու մնացած բոլոր հարցերը քննարկելով գալ հարցի խաղաղ կարգավորմանը: Եթե Հայաստանի իշխանությունները բանակցություններում կարողանում են հասնել այդ կետին, մենք միանշանակ պատրաստ ենք այդ բանակցությունների գնալ ու քննարկել հակամարտության հետագա կարգավորման հարցը», - ասաց Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ եթե այդ պայմանները չապահովվեն, բացառո՞ւմ են բանակցությունները, Հարությունյանը պատասխանեց. - «Ի՞նչ բանակցության մասին է խոսքը, եթե նախապայմաններով է գնում մարդ, դառնում է ուղղակի հանդիպում: Այսինքն՝ կարող է այդ հանդիպումը տեղի ունենալ ինչպես տեղի է ունեցել մարտի 1-ին, բայց այդ բանակցություններին արդյունք չի լինելու»:
«Իշխանությունները պատրաստ են զիջումների իրենց իշխանությունը երկարաձգելու համար»
Ոչ միայն Հայաստանի, այլև՝ Արցախի ղեկավարությունն է պատրաստ զիջումների՝ իր իշխանությունը երկարաձգելու համար. չնայած Ստեփանակերտից Երևանին ներկայացվող պահանջներին՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը կարծում է՝ նախագահը շարունակում է չհակադրվել Հայաստանի վարչապետին, որը պարբերաբար վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Փորձել են հակադրվել, բայց հենց որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին մեղադրում է՝ Բերձոր է հանձնել, փողեր են մսխել, բացահայտումներ կանի երևի թե, Արայիկ Հարությունը վախից լռել է», - ասաց Գալստյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ պետնախարարը հայտարարություններ է արել, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Պետնախարարը նշանակովի պաշտոն է և որ րոպեին Արայիկ Հարությունը զանգ ստանա՝ ազատի պետնախարարին պաշտոնից, նույն րոպեին ազատելու է: Միանշանակ այս իշխանությունները, պարտված իշխանությունները պատրաստ են նորանոր զիջումների իրենց իշխանությունը երկարաձգելու համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի տեսլականը հավասարակշռված չէ. ԱԳՆՊաշտոնական Ստեփանակերտը երեկ դժգոհեց նաև Ռուսաստանից, թե նրանց առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ։
«Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և արժեզրկում է դրա իմաստը», - նշված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արթուր Հարությունյանն ասում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններում անգամ պատերազմից հետո է քննարկվել կարգավիճակի հարց, այսօրվա հայտարարությունները անընդունելի է համարում. - «Բերել իջեցնել այն մակարդակի, որ մենք այստեղ պետք է խոսենք որպես փոքրամասնություն, այսինքն, Ադրբեջանի փոքրամասնություն, իհարկե, դա անհասկանալի և անընդունելի է»:
Միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտը երկխոսությունը պնդող Երևանը միաժամանակ ընդունում է, որ այդ մեխանիզը դեռ տեսանելի չէ։