Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարական կտա։ Պաշտոնյան այսօր հայտարարել է, որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հեռանում է իր որոշմամբ:
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - գրել է Թովմասյանը:
Ինչո՞ւ է ավելի քան 7 ամիս շրջափակված, 1,5 ամիս էլ լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախի խորհրդարանի ղեկավարը հենց հիմա նման որոշում կայացրել: Ինքը՝ Արթուր Թովմասյանը մեր զանգերին չպատասխանեց, բայց նրա թիմակից՝ իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ գործընկերոջ որոշումը բացառապես անձնական` առողջական խնդիրներով է պայմանավորված։
«Այլ որևէ քաղաքական կամ այլ պատճառներ չկան, իր անձնական որոշումն է՝ հիմնականում կապված առողջական վիճակի հետ», - նշեց Հարությունյանը:
Հարությունյանն ասում է՝ հրաժարականից հետո Թովմասյանը չի լքի իշխող խմբակցությունը, կշարունակի պատգամավորի գործունեությունը։
Արցախի խորհրդարանը 3 տարի ղեկավարած Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին օրեր առաջ մամուլն էր գրել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրվելու ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
Արդյոք իշխող ուժն արդեն քննարկե՞լ է հավանական թեկնածուի անունը կամ իշխանությունն արդեն ունի՞ իր թեկնածուն, «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավարն այսօր վստահեցրեց՝ նման քննարկում չի եղել խմբակցությունում:
«Խմբակցությունները բոլորն էլ իրավասու են ներկայացնելու թեկնածություն: Իհարկե, կա շրջանառվող խոսակցություն, բայց այս պահին պաշտոնապես որևէ գրություն կամ առաջարկ դեռևս չկա: Երբ որ լինի, այն ժամանակ կքննարկենք», - ասաց Հարությունյանը:
Դաշնակցությունից էլ չեն արձագանքում՝ արդյոք պատրաստվում են առաջադրել Իշխանյանի թեկնածությունը։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունները ևս պաշտոնապես չեն հայտնել՝ կառաջադրե՞ն իրենց թեկնածուին։ «Ազատության» հետ զրույցում միայն ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունից հայտնեցին, որ իրենք առաջադրում չեն անի:
«Արդարություն» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու: Մյուս խմբակցությունների առումով ես չեմ կարող ասել, ամեն դեպքում շրջանառվում է և արդեն գաղտնիք չի, որ Վահան Իշխանյանի թեկնածությունը միգուցե կառաջադրվի: Էլի կլինե՞ն թեկնածուներ, չգիտեմ, որովհետև այդ գործընթացը չի էլ սկսվել», - ասաց խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:
Արցախի ու Հայաստանի գործող իշխանությունների կոշտ քննադատ, «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն ասում է՝ իրենք հարգում են ավագ գործընկերոջ որոշումը: Ընդդիմադիր պատգամավորը Թովմասյանի գործունեության մասին դրական որակումներով է խոսում։
«Պատիվ եմ համարում, որ աշխատել եմ իր հետ, չնայած ինքը շարունակելու է որպես պատգամավոր իր աշխատանքը։ Պարոն Թովմասյանը այն հայն է, ով իր ողջ գիտակցական կյանքը՝ անկախ իր քաղաքական դրսևորումներից՝ իշխանություն, եղել է սկզբում ընդդիմություն, միևնույն է իր պայքարը եղել է հանուն Արցախի, թե ինչքանով մենք համաձայն չէինք իր վերջին տարիների քաղաքական ուղու հետ, դա հարցի մյուս կողմն է», - նշեց Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ մինչ խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը, Բաքուն, որ պահանջում է լուծարել Արցախի պետական կառավարման մարմինները, կարող է գնալ հերթական սադրանքին։ Շեշտում է՝ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիներին, որոնց մշակած բերքն 1,5 ամիս առանց սննդի մատակարարումների մնացած Արցախում խիստ անհրաժեշտություն է։ Նույն ընթացքում Բաքում շարունակում է Ստեփանակերտին մեղադրել հրադադարի խախտման համար։ Իսկ Պաշտպանության բանակը շարունակ հերքում ադրբեջանական կողմի պնդումները։
«Գյուղացին իր տան դիմացի հողը իր կյանքի հաշվին է մշակում, որովհետև թշնամին ուղղակի թույլ չի տալիս, թիրախավորում ու կրակում է բնակչի ուղղությամբ, մեր բնական կյանքն ամեն կերպ խաթարում է: Սա էլ մեր բնականոն կյանքի մի հատվածն է, երբ մենք պիտի գնանք և Ազգային ժողովում ընտրենք ԱԺ նախագահ, հետևաբար ինքը կարող է և սադրանքի դիմի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը հաջորդ շաբաթասկզբին տեղի կունենա: Մինչև Թովմասյանի հրաժարականի մասին հայտարարությունը՝ երեկ, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում օրենսդրական փոփոխությամբ կրճատեց Ազգային ժողովի ղեկավարի թեկնածու առաջադրելու ժամկետը՝ գործող 10-օրյա ժամկետը դարձնելով երկօրյա։
ԱԺ ղեկավարի պաշտոնից հեռացող Թովմասյանին այսօր Արցախի նախագահն է ընդունել։
«Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում», - ասված է հաղորդագրության մեջ։