44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը փակ անցկացնելու համաձայնություն Դավիթ Տոնոյանը չի տվել, հայտարարում են Տոնոյանի պաշտպանները՝ «ակնհայտ կեղծիք» որակելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի երեկվա պնդումը։
«Ազատության» հետ զրույցում երեկ Խաչատրյանն ասել էր, թե ԱԺ-ում օգոստոսի 1-ին և 2-ին Տոնոյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստը փակ է լինելու, Տոնոյանն էլ դրան համաձայնություն է տվել։
Ըստ Տոնոյանի պաշտպանական խմբի՝ պաշտպանության նախկին նախարարըևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։
«Անպիտան հրթիռների» գործով անցնող ու 1 տարի 10 ամիս կալանքի մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը, ով պատերազմի ժամանակ ղեկավարում էր Պաշտպանության նախարարությունը, հուլիսի սկզբին էր հայտարարել, որ միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստին, դատարանն էլ համաձայնություն է տվել։ Նախկին նախարարն ընդգծել էր, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո, նաև՝ հաշվի առնելով հանրային պահանջը: Մինչև հանձնաժողով՝ վարչապետի գնալը, Տոնոյանն մասնակցության համար պայման էր դրել, որ Նիկոլ Փաշինյանն էլ գա այդ նիստին ու այն բաց լինի։
Այդ հանձնաժողովի բոլոր նիստերը, բացառությամբ երկուսի, որոնց մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, փակ են ընթացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին ու 2-ին ԱԺ-ում կպատասխանի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին