Ռուսաստանի նախագահն այսօր Ռուսաստան - Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուկրաինական զորքերը ուժեղացրել են ռազմական գործողությունները։
«Ինչ վերաբերում է վերջին օրերին, մենք իսկապես հաստատում ենք, որ ռազմական գործողությունները զգալիորեն սրվել են։ Հիմնական բախումները տեղի են ունեցել, ինչպես ասում են Արևմուտքում, հարձակման հիմնական՝ Զապորոժիեի ուղղությամբ», - ասել է Պուտինը։
Արևմտյան մի շարք հեղինակավոր մեդիաներ ավելի վաղ գրել էին ուկրաինական հակահարձակման նոր փուլի մեկնարկի մասին։ Հիմնական ուղղությունը Զապորոժիեի մարզն է, որն ապահովում է ցամաքային կապը ռուսական ուժերի և Ղրիմի միջև։
Financial Times-ը գրում է, թե Ուկրաինան փոխել է մարտավարությունը հակահարձակման սկզբում «քաոսից» հետո։ Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը հայտնում է, որ հակահարձակման առաջին փուլում ուկրաինական բանակը ականապատ դաշտերի պատճառով կորցրել է արևմտյան սպառազինության մոտ մեկ հինգերորդը։ Այսօր Կիևը փոխել է մարտավարությունը, և դա, ըստ ուկրաինացի հրամանատարների, կարծես թե շոշափելի արդյունքներ է տալիս մարտի դաշտում։
Հարձակողական գործողությունների փոխարեն ուկրաինացի զինվորականներն անցան հրետանու զանգվածային կիրառման, ինչը թույլ է տալիս ապահովել առաջապահ խմբերի առաջխաղացումը և առանց մեծ կորուստների հասնել մարտավարական հաջողությունների։
Միևնույն ժամանակ հոդվածում նշված է, որ արևմտյան դաշնակիցների մոտ մտավախություն կա, որ ուկրաինական զինված ուժերը շատ արագ են սպառում իրենց հրետանային արկերը, և չափազանց դանդաղ ռազմական առաջխաղացումը կարող է թույլ տալ Ռուսաստանին նոր դաշտեր ակնապատաել և նոր ուժեր պատրաստել։
Հարավում ուկրաինական հակահարձակման նոր փուլի մասին հայտնում են նաև Bloomberg-ի,The New York Times-ի աղբյուրները և Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ New York Times. «Ուկրաինական հակահարձակման հիմնական փուլը մեկնարկել է»
Կրկին հրթիռակոծվել է Օդեսայի նավահանգիստը
Այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Վնասվել են բեռնատար տերմինալներից մեկի արտադրական սարքավորումները, ադմինիստրատիվ շենք և ատոմեքենաներ։
Ուկրաինական կողմի տվյալներով, ՀՕՊ ը կարողացել է չեզոքացնել երկու «Կալիբր» հրթիռ և ութ անօդաչու։
Ռուսաստանը սկսել է ինտենսիվ հարվածներ հասցնել Օդեսային և Օդեսայի շրջանին անցած շաբաթվա սկզբից, երբ հայտարարեց, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից:
Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվայի նպատակը հացահատիկի արտահանումը խափանելն է
Հուլիսի 17-ին Կրեմլը հրաժարվեց վերսկսել իր մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի «հացահատիկի գործարքին»: Այն նախատեսում էր անվտանգ ծովային միջանցք ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկով և գյուղատնտեսական այլ ապրանքներով բեռնատար նավերով արտահանման համար առաջին հերթին Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ամենաաղքատ երկրներ, որոնք մեծապես կախված են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական հացահատիկի, ձեթի, սերմերի և գյուղատնտեսական պարարտանյութերի մատակարարումից։
Մոսկվան ցանկանում է իր հովանու ներքո ստեղծել դեպի Աֆրիկա պարենային միջանցքներ։ Ավելի վաղ Ուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե այդ միջանցքների ստեղծման հարցը այսօր Սանկտ Պետերբուրգում կմեկնարկած Ռուսաստան - Աֆրիկա երկրրորդ գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներից մեկն է։
«Ռուսաստանը պատրաստ է առաջիկա չորս ամսում անվճար 25-50 հազար տոննա հացահատիկ ուղարկել Զիմբաբվե, Բուրկինա Ֆասո, Սոմալի, Էրիթրեա», - ասել է նախագահ Պուտինը։
Ի դեպ, Ռուսաստան են ժամաննել Աֆրիկյան մայրցամաքի 54 անկախ երկրներից 49-ի ներկայացուցիչներ։
Աֆրիկյան երկրների հարցերով փորձագետ Իրինա Ֆիլատովան ասում է, թե աֆրիկյան երկրների նման մոտեցումը Ռուսաստանի հանդեպ հասկանալի է․ - «Օրինակ, Էրիթրեան 100 տոկոսով կախված է հացահատիկի մատակարարումներից, Սոմալին՝ 90 տոկոսով, Եգիպտոսը, Մադագասկարն ու Քենիան՝ 70-80 տոկոսով և այլն։ Ուկրաինայի պատերազմը խաթարեց Աֆրիկա հացահատիկի արտահանման բոլոր սովորական ուղիները, ամեն ինչ վատ էր, նույնիսկ երբ հացահատիկի գործարքը դեռ ուժի մեջ էր»։