Ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլեկտրոնիկայի ու ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունները շարունակում են ռեկորդային ֆինանսական ցուցանիշներ գրանցել։
Մասնագետները բացատրում են՝ այս ընկերությունների բիզնես հաջողությունների գաղտնիքը դեպի սանկցիաների տակ գտնվող Ռուսաստան վերաարտահանումն է. - «Ներկրող և վաճառող կազմակերպությունների հիմնական շուկան եղել է Ռուսաստանի Դաշնությունը»:
Նախօրեին հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկն է փաստում, որ այս ընկերությունները զգալի ավելացրել են եկամուտները։ Էլեկտրոնիկայի ամենախոշոր խանութներից մեկը՝ «Վեստան» այս տարվա առաջին ամիսներին պետությանը 15.7 միլիարդ դրամ է վճարել, գրեթե երկու անգամ ավելի քան 2022-ի ողջ ընթացքում և այժմ Հայաստանի 7-րդ ամենախոշոր հարկատուն է։ Ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած 2021-ին ընկերության ցուցանիշը 2 միլիարդ էր։
Այս տարվա առաջին կիսամյակում վճարած 15.8 միլիարդով ցանկում 6-րդը բջջային հեռախոսներ վաճառող «Մոբայլ սենթրն» է, ևս 1.8 միլիարդ ու ընկերությունը կշրջանցի ամբողջ 2022-ի ցուցանիշը, նախապատերազմական 2021-ին 4.4 միլիարդ էին վճարել պետությանը։
Արևմտյան պատժամիջոցների պատճառով հեռախոսների, համակարգիչների, հեռուստացույցների և մի շարք այլ էլեկտրական ապրանքների բազմաթիվ հայտնի բրենդներ ռուսաստանցիներին հասանելի չեն, բացը լրացնում են նաև Հայաստանի միջոցով, «Ազատության» հետ զրույցում ասել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը,
«Բազմաթիվ ռուսաստանցիներ, որոնք գալիս էին թեկուզ մի քանի շաբաթով Հայաստան, իրենք իրենց հետ տանում էին մեծ թվով էլեկտրատեխնիկա», - նշեց Պարսյանը:
2022-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա համեմատ աճեց գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Հայկական ընկերությունների բիզնես հաջողություններին զուգահեռ Արևմուտքը ուղիղ էր վրդովմունք հայտնում դեպի Ռուսաստան արտահանման շեշտակի աճի վերաբերյալ։ Այս մասին և՛ Միացյալ Նահանգներն էր խոսում, և՛ Եվրամիությունը՝ հատկապես խնդրահարույց համարելով չիպերի, տարբեր միկրոսխեմաների և այլ մասերի արտահանման ծավալները, քանի որ դրանք, ըստ Արևմուտքի, ի վերջո, կիրառվում են ռուսական ռազմաարդյունաբերության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էլեկտրոնային սարքավորումների առևտրով զբաղվող հայկական ընկերությունը՝ նաև ԵՄ պատժամիջոցների ցանկումՀայկական երկու ընկերություններ արդեն իսկ սանկցիաների տակ են, մեկը էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով է զբաղվում, մյուսը քիմիկատների, լաբորատոր սարքերի ներկրմամբ, այս ընկերությունն, ի դեպ, նույնպես ընդգրկվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ վճարած շուրջ 250 միլիոն դրամով։ Պաշտոնական Երևանը մշտապես պնդում է՝ չի օգնում Կրեմլին սանկցիաները շրջանցելու հարցում ու հավաստիացնում՝ բոլոր ուղղություններով աշխատում են, որպեսզի և՛ սանկցիաները չխախտվեն, և՛ պահպանվեն գործընկերային հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ, իսկ թե ինչպե՞ս ստացվեց, որ հայկական երկու ընկերություններ պատժամիջոցների տակ հայտնվեցին, իշխանություններն այդպես էլ չմեկնաբանեցին։
«Հայաստանի Հանրապետությունը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ և հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո», - նշել է վարչապետ Փաշինյանը։
Արտերկրից Հայաստան, այստեղից էլ Ռուսաստան ոչ միայն էլեկտրոնիկայի այլև ավտոմեքենաների վերաարտահանումն է հետո շեշտակի աճել։ Աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Financial Times-ն այս ամիս հրապարակած ծավալուն հոդվածում պնդեց՝ Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Financial Times․ «Հայաստանը շեշտակիորեն մեծացրել է Ռուսաստան արտահանվող արևմտյան ավտոմեքենաների ծավալը»1000 խոշոր հարկատուների ցանկում այս հանգամանքը ևս արտացոլվել է։ Օրինակ, «Տոյոտա Երևան» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 5 միլիարդ դրամի հարկեր է վճարել և ցանկում 30-րդն է։ 2021-ին ընկերության ցուցանիշը 2.3 միլիարդ էր։ 38-րդը «Ավանգարդ մոթորսն» է՝ «Մերսեդես»-ի ներկայացուցիչը՝ վճարած 3.7 միլիարդ դրամով։ Պատերազմին նախորդած տարի՝ թիվը 4 անգամ պակաս էր՝ 900 միլիոն։
Ամենաշատ հարկեր վճարած ընկերությունը դարձյալ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատն է, հաջորդում են «Գազպրոմ Արմենիան» ու «Գրանդ Տոբակոն»։ Առաջատար եռյակը մնում է անփոփոխ։