Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների»՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ», - ասել է Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքերը։

Ըստ էության, Լավրովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

«Մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել», - նշել է արտգործնախարար Միրզոյանը՝ հավելելով, որ հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

«Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները», - հավելել է նա։

«Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», նաև սա էր հայտարարել Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Ազատությունը»։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով», - արձագանքել է նա։