Մատչելիության հղումներ

Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին


Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողով։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել։

Արտգործնախարար Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։

Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի- ՌԴ ԱԳՆ) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները», հավելել է Լավրովը։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Բաքուն և Երևանը «փոխադարձ հիմունքներով պատրաստ են» երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, ավելի վաղ ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ հայտարարել էր նախարար Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին նա որևէ բան չէր ասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG