Մոլդովան որոշել է եռակի կրճատել երկրում գտնվող ռուս դիվանագետների թիվը ռուսական դեսպանատան հետ կապվող լրտեսական սկանդալից հետո։
«Մենք գնում ենք այս քայլին երկրում կայունություն ապահովելու համար»,-այսօր կառավարության նիստում հայտարարել է արտգործնախարար Նիկու Պոպեսկուն՝ պահանջելով, որ մինչև օգոստոսի 15-ը 45 ռուս դիվանագետ երկրից հեռանա։
«Հաշվի առնելով, որ այլ երկրի դիվանագիտական անձնակազմը ջանքերն ուղղում է մեր երկրի ապակայունացմանը, մենք քաղաքական որոշում կայացրինք սահմանափակել Ռուսաստանի Դաշնությունից հավատարմագրված դիվանագետների թիվը, որպեսզի Մոլդովայում ավելի քիչ լինեն մեր երկիրն ապակայունացնող անձինք», - ասել է նա։
Ըստ հետաքննության՝ ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսում են Մոլդովայի իշխանություններին
Այս հայտարարությունից օրեր առաջ հրապարակվել էր լրագրողական հետաքննություն, ըստ որի ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսում են Մոլդովայի իշխանություններին Քիշնևում՝ Ռուսաստանի դեսպանատան տանիքում տեղադրված հսկայական սարքերի օգնությամբ։
«Քիշնևում ռուսական դեսպանատան կտուրին ալեհավաքների ու փոխանցող սարքերի թիվը տարեցտարի ավելանում է, և այնտեղ անընդհատ ինչ-որ խորհրդավոր մարդիկ են շրջում»,-պնդում է Insider հետաքննական կայքի ու մոլդովական հեռուստաընկերություններից մեկի համատեղ հետաքննությունը, մանրամասնելով՝ խորհրդավոր այդ անձանց շարժն ակտիվանում է հատկապես ընտրություններից կամ Մոլդովա օտարերկրյա առաքելությունների այցերից առաջ, օրինակ՝ հունիսին, երբ Քիշնևում Եվրամիության առաջնորդների հավաքն էր կազմակերպվել։
Հետաքննող լրագրողները պարզել են նաև՝ իրականում այդ անձինք Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության ու արտաքին հետախուզության ծառայության գաղտնի աշխատակիցներ են և սերտ կապեր ունեն հաքերային խմբերի հետ, որոնք ավելի վաղ «գողացել» էին Մոլդովայի նախագահի, կառավարության, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները։
«Ռուսական հատուկ ծառայությունների այդ աշխատակիցները ներքաշված են մի շարք պատմությունների մեջ, նախկինում նրանք արտաքսվել են արևմտյան երկրներից լրտեսության ու հաքերային հարձակումների համար, հետո որպես զբոսաշրջիկ այցելել Մոլդովա»,- պնդել էին հետաքննող լրագրողները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հետ կապված հաքերները Մեծ Բրիտանիայի նախարարի էլփոստից փաստաթղթեր են առևանգել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ կառավարական մի շարք կառույցներ ամիսներ շարունակ կիբերհարձակումների են ենթարկվելՌԴ դեսպանը ԱԳՆ է կանչվել
Քիշնևը երեկ պարզաբանումների համար Արտգործնախարարություն էր կանչել Ռուսաստանի դեսպանին, այսօր արդեն հրապարակել դիվանագետների արտաքսման որոշումը։
«Բացարձակապես անընդունելի ենք համարում լրտեսության և Մոլդովայի Հանրապետության ներքին գործերին միջամտելու ցանկացած գործողություն, դրանք ուղղակիորեն ոտնահարում են մեր պետության ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը», -պնդել է արտգործնախարարը կառավարության նիստում։
Մոսկվան հերքում է մեղադրանքները
Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։ Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը պնդել է, թե ալեհավաքները տեղադրվել են 1990-ականներին, երբ Մոլդովայում ինտերնետային ու հեռախոսային կապը զարգացած չի եղել, և որ այս միջադեպը իրականում պատրվակ է՝ հակառուսական տրամադրություններ հրահրելու համար։
«Հուսով ենք՝ այս որոշման հեղինակները հասկանում են, թե ինչով կարող է այս ամենն ավարտվել»,- զգուշացրել է ռուս դիվանագետը Մոլդովայի բողոքի նոտան ստանալուց հետո. - «Մենք չէինք կարծում, որ պաշտոնական Քիշնևն այսօրինակ արագությամբ կներքաշվի ռուսաֆոբիայի մրցարշավի մեջ, և կընդունվեն այսքան ծայրահեղ միջոցներ։ Սա լուրջ հարված էր մեր երկկողմ հարաբերություններին»։
Նախազգուշացումներ են հնչել նաև Կրեմլից։
«Մոլդովայի իշխանությունը, ի տարբերություն սովորական մարդկանց, միտումնավոր փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նախագահ Պուտինի խոսնակը։
«Բնականաբար, նման քայլերը, ինչպես որ դիվանագիտական կարգն է պահանջում, անպատասխան չեն մնա»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով՝ ինչ քայլեր կարող է ձեռնարկել Մոսկվան ի պատասխան։