Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։
Թվիթերում կազմակերպությունը նաև կոչ է արել Բաքվին անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը», - ասված է հայտարարությունում:
Կից կազմակերպությունը տարածել է ԿԽՄԿ երեկվա հայտարարությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ ահազանգել էր՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Միջազգային կառույցը փաստել էր՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։
Բաքուն, ի պատասխան, ԿԽՄԿ-ին հորդորել է «զերծ մնալ այդ մանդատի քաղաքական նպատակների չարաշահումից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «ի գիտություն է ընդունել» ԿԽՄԿ հայտարարությունը