Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները հակահետևակային ականներ են հայտնաբերել ռուս զինվորականների կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, ասվում է ՄԱԿ-ին կից կառույցի հայտարարությունում։
Դրանում նշվում է, որ հայտնաբերված ականները ատոմակայանի «ծայրամասում» են՝ արտաքին և ներքին պարիսպների միջև:
Կառույցը շեշտում է, որ «պայթուցիկների առկայությունը հակասում է ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին և լրացուցիչ հոգեբանական ճնշում է ստեղծում աշխատողների վրա»։
Կազմակերպության փորձագետների նախնական գնահատմամբ, այդ ականների պայթյունը, ամենայն հավանականության, չի ազդի էլեկտրակայանի միջուկային անվտանգության վրա։
Անցած օրերի և շաբաթների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները, որոնք ստուգումներ են իրականացրել կայանում, ծանր զինտեխնիկա չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, գործակալության ներկայացուցիչներին շարունակում են արգելել մուտք գործել ռեակտորների և տուրբինային սրահների տանիքներ։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով ուկրաինական հետախուզությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը պայթուցիկներ է տեղադրել մի քանի էներգաբլոկների տանիքներին։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն է Զապորոժիեի ատոմակայանի համար վտանգի միակ աղբյուրը. Զելենսկի