Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի օրերս մեծ աղմուկ հանած հետաքննական հրապարակումը, որում հեղինակները պատմել էին Երևանի ավագանու ընտրություններում իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրման մասին։
Կառույցի լրատվականից փոխանցեցին, որ «Ազատության» հարցման հիման վրա կուսումնասիրեն հրապարակումն ու արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ Ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ չէին սկսել ուսումնասիրությունը, պարզ չէ։
Որ իշխող ուժը համայնքապետերի միջոցով ցուցակագրում է մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված ընտրողների տվյալները՝ Ավինյանի օգտին քվեարկելու համար, ահազանգել էին ընտրական գործընթացները դիտարկող «Անկախ դիտորդ» դաշինքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ հրապարակման՝ ՔՊ-ն ձայներ է հավաքում Ավինյանի համար՝ այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով. համայնքապետերը հերքում ենՀետաքննության հեղինակները նաև պնդել էին, որ այս գործընթացը համակարգում է ՔՊ-ի վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։ Որպես Պապոյանի օգնական ներկայացած «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել էր խոշորացված Սպիտակի փոխքաղաքապետին, 15 գյուղերի վարչական ղեկավարներին։ Նրանցից առնվազն վեցը հայտնել էին, որ արդեն ունեն կամ շուտով կունենան Ավինյանի օգտին քվեարկողների ցուցակները։ Եվ Սպիտակի փոխքաղաքապետ Հովիկ Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ իր անմիջական ղեկավարը՝ Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը զբաղվում է այս հարցով։
Ձայնագրություն. - Նիկողոսյանը նորմալ աշխատո՞ւմ ա էդ ուղղությամբ:
- 100 տոկոս, Սևակ, ինքն ա էդ պարտականությունը կատարում:
- Մի խոսքով դու գարանտիա ես տալի՞ս իրա վրա:
- Ես քեզ ասում եմ էն, ինչը հիմա արվում ա:
Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հերքում է ձայների հավաքագրումը, հեռախոսազրույցներից հետո համայնքապետերից մեկը, ըստ հետաքննողների, լրագրողին էր ուղարկել իր կազմած ցուցակը, որն էլ հրապարակել էր «Փաստերի ստուգման հարթակը»։
«Ցուցակագրում չի եղել, հակառակը՝ զանգում ասում ա՝ ցուցակ, բոլորը զարմանում են», - նշեց Գևորգ Պապոյանը:
Պապոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը տեղի ունեցածին ու պնդել՝ Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են և ընդամենը զբաղվել են քաղաքականությամբ։
«Ինքը որպես երևույթ, որ մեր Սպիտակի կուսակցականները, խորհրդի անդամները, խորհրդի նախագահը զբաղվեն քաղաքական գործունեությամբ, ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում: Իմ անունից ներկայացրել են, ինչը իմ և մեր կուսակցության պատվի ու համբավի, անվան հետ վատ խաղալու փորձ է, ու դրա համար մեր իրավաբանները հիմա աշխատում են հայցի վրա», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ը հերքում է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքը և կդիմի դատարանՄինչ դատախազությունն ուսումնասիրում է, թե արդյո՞ք խոշորացված Սպիտակի և գյուղերի ղեկավարների արարքներում հանցակազմ կա, «Անկախ դիտորդում» չեն կարծում, որ համայնքների ղեկավարների գործողությունները հանցակազմ են պարունակում. - «Այստեղ ավելի շատ քարոզչություն էր, բայց դա արվում էր վարչական ռեսուրսի ներգրավմամբ»:
Կա վարչական ռեսուրսի չարաշահում, երբ համայնքի ղեկավարը ստորադասների հետ միասին օգտագործում է համայնքի ռեսուրսը քարոզչության համար, պարզաբանում է «Անկախ դիտորդի» անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։
«Մարդիկ, ովքեր որ ներգրավել են այս դեպքում այդ քարոզչության ցուցակագրման մեջ, չպիտի դրանով զբաղվեին, չպիտի ներգրավվեին, իրանք ներգրավվել են փաստացի՝ ի պաշտոնե: Համայնքի ղեկավարը մի ռեսուրս էր, որ օգտագործվել է կուսակցության կողմից: Վարչական ղեկավարները արդեն միջնորդավորված մյուս հիմնական ռեսուրսներին ու այդտեղ նաև տեղակալի խոսքում նշվում է աշխատակազմը, ենթադրում ենք, նաև նրանք, ու այս բոլոր ներգրավում են թեկնածուին առավելություն տալու կամ քարոզչության համար: Շատ հստակ վարչական վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական ռեսուրսի մասին հոդվածի ձևակերպումն է», - ասաց նա:
Գրիգորյանը կարծում է՝ թեկնածուների գրանցումից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է տույժի ենթարկվի, անկախ նրանից՝ խախտումը տեղի է ունեցել քարոզչության ժամանակ, թե դրանից առաջ. - «Ես կարծում եմ, որ վարչական վարույթ պիտի հարուցվի: Կարծում եմ, որ դա կարող էր հարուցվել նաև հիմա: Եթե բերվի փաստարկը, որ թեկնածուն գրանցված չէ, չեմ կարող ասել, թե ում օգտին էր, թեև ձայնագրությունից ակնհայտ է, թե ում օգտին էր առավելությունն ապահովելը կամ քարոզչությունը, բայց ամեն դեպքում եթե ասեն, որ նա դեռևս ընտրական սուբյեկտ չի, ապա ընտրական սուբյեկտ դառնալուն պես պետք է արդեն լինի նաև պատասխանատվություն»:
Նման մի բացահայտում լրագրողներն արել էին նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այն ժամանակ էլ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն էին ցուցակագրել ընտրողներին իշխող Հանրապետականի համար։ Դրանից հետո հենց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջարկելով Հանրապետականին հեռացնել մրցապայքարից վարչական ռեսուրսը չարաշահելու համար։
«Եվ էդ ձայնագրություններից ակնհայտ է, որ ողջ պրոցեսը իրականացվել է Հանրապետական կուսակցության շտաբների կողմից, մարզպետարանների կողմից, թաղապետարանների կողմից և հետևաբար՝ կառավարության և նախագահականի կողմից», - հայտարարել էր Փաշինյանը:
«Անկախ դիտորդն» ահազանգում է՝ իշխող ուժի Երևանի քաղաքապետի թեկնածուի օգտին ընտրողների տվյալներ են հավաքագրում նաև Լոռու Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ համայնքներում, նաև Արարատի մարզում։