Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը Երևանի կարմիր գծերն են Բաքվի հետ բանակցություններում, «Ֆրանս-պրես» գործակալության հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում, մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն», - նշել է նա՝ շարունակելով. - «Բայց հաշվի առնելով ուժերի անհամաչափությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ-դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այդ օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում, և սա պատճառը, որ մեր ընկալմամբ՝ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան, ներկան կլինի միջազգային հանրությունը»։
Նիկոլ Փաշինյանը կրկին ահազանգել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որն օրըստօրե խորանում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը. Արթուր ԹովմասյանԼրագրողը հետաքրքրվել է՝ հավատո՞ւմ է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։
«Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա, բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից», - պատասխանել է Հայաստանի ղեկավարը, նշելով, որ դեր են խաղում նաև միջազգային իրադրությունը, մարդկային գործոնները, հումանիտար իրադրությունը, քաղաքական իրավիճակը։
Ըստ նրա՝ բանակցությունների առաջընթացին խանգարում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության ու ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականությունը։
Միաժամանակ, Երևանում համոզված են, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է. - «Բայց եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն», - հավելեց նա։
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր հայտարարել է, թե բանակցային փուլում հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել:
«Եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ»,- նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել». Ալիև«Քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, պատերազմն, իհարկե, շատ հավանական է»
«Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել», - ասել է վարչապետ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Ստեփանակերտը հաղորդում են հրադադարի խախտումների մասին
«Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ»
«Հասկանալի է, որ Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ինչպե՞ս եք Դուք արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը», հարցրել է լրագրողը Փաշինյանին։
Արձագանքելով նա հռետորական հարց է հնչեցրել, թե նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ երկրները, որոնց հետ նույնիսկ լավ հարաբերություններ ունեն՝ մաքսիմալը չեն անում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի՝ ամենատարբեր պատճառներով։
«Մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ», - հավելել է նա:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը՝ արգելելով ցանկացած տեսակի հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար:
Այս ամենն Արցախում հանգեցրել է սննդամթերքի պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:
Այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում, ընդգծել է Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով. - «Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի։
Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արևմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա. «Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում»