Այդ պարենը սպասել են Աֆրիկայում և Ասիայում
Հայտարարելով հացահատիկի գործարքը չերկարաձգելու մասին, Մոսկվան սաստկացրել է գրոհներն Ուկրաինայի ու մասնավորապես Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստների վրա:
«Կամիկաձե» անօդաչուներով, «Х-22» և «Օնիքս» տեսակի հրթիռներով հուժկու հարված, և Օդեսայում ամբողջությամբ ոչնչացվել է ցորենով պահեստը: Ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է առնվազն մեկ մարդ, կան մոտ երկու տասնյակ վիրավորներ: Ուկրաինայի ղեկավարն ահաբեկչություն է անվանել Ռուսաստանի գործողությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ «ՌԴ-ն պաշտոնապես տեղեկացրել է «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին»«Այս ահաբեկչական հարձակումն ապացուցում է, որ թիրախը ոչ միայն Ուկրաինան է, ոչ միայն մեր մարդկանց կյանքերը: Գրոհի ենթարկված նավահանգիստներում պարենի միլիոնավոր տոննաներ են պահվել: Հենց այդքան պետք է ուղարկվեր Աֆրիկայի և Ասիայի երկրներ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, յուրաքանչյուր այդպիսի հարված վերստին պարտադրում է խոսել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հնարավորինս ամրապնդելու անհրաժեշտության մասին:
«Ռուսների գրոհից առավել տուժած տերմինալում կար Չինաստանի համար նախատեսված գյուղական արտադրանքի 60 հազար տոննա», - ասել է Զելենսկին:
Առաջանում է աղքատ երկրներում զանգվածային սովի վտանգ
ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ահազանգում են Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի աղքատ երկրներում զանգվածային սովի վտանգի մասին:
Միջազգային շուկաներում արդեն գրանցվում է պարենի, մասնավորապես, հացահատիկի, եգիպտացորենի, ինչպես նաև բուսական յուղի և պարարտանյութի գնաճ, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանն այդ արտադրանքի խոշոր արտահանողներ են:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ ճգնաժամն անխուսափելի է:
Ռուսների գրոհը՝ բարբարոսություն
«Երեք գիշեր անընդմեջ Օդեսայի նավահանգիստը և դրա ենթակառուցվածքը գրոհների են ենթարկվում, տուժում են ոչ միայն մարդիկ, այլև պարենի պահեստները: Սա բարբարոսություն է: Մենք հարցը կքննարկենք Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, ավելի շատ տեղեկություն կստանանք, բայց արդեն ակնհայտ է, որ սա պարենի խոշոր, շատ խոշոր ճգնաժամ կստեղծի աշխարհում»,- ասել է Բորելը:
Ռուսները սպառնացել են, թե նավերով պարենի փոխադրումը շարունակելու փորձերը խիստ վտանգավոր կլինեն, քանի որ «Սև ծովի այդ հատվածում հայտնված նավերը կհամարվեն թշնամական՝ դրանից բխող հետևանքներով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովի նախագահի ընդգծմամբ՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սև ծովի բլոկադանԵվրամիությունն արդեն քննարկում է շատ ավելի երկար, ծախսատար և կազմակերպական առումով դժվար, սակայն համեմատաբար անվտանգ ուղիներով պարենը փոխադրելու տարբերակը: Ցորենը հնարավոր է մինչև նավահանգիստներ հասցնել եվրոպական երկրների ցամաքային ճանապարհներով:
«Եթե ծովային ճանապարհը փակ է, ուրեմն ստիպված կլինենք ավելացնել ուկրաինական հացահատիկի արտահանումը մեր նավահանգիստներով: Դա Ուկրաինայի հարևաններից կպահանջի ավելի մեծ ջանքեր, նրանք պետք է մեծ ներդրում ապահովեն, բացելով սահմանները և դյուրին դարձնելով տրանսպորտի ուղին, որ վերցնեն հացահատիկն ուկրաինական նավահանգիստներից և ուղարկեն հասցեատերերին։ Մենք շատ բան ենք արել և պետք է ավելին անենք»,- ասել է Բորելը:
Այդ տարբերակով փոխադրման հետևանքը գնաճը կլինի
Պակիստան այցելած Ուկրաինայի արտգործնախարարն Իսլամաբադից արձագանքել է Բորելին, նշելով, որ առաջնայինը պետք է ծովային ճանապարհի վերականգնումը լինի:
«Ցամաքային միջանցքներով անհնարին է փոխադրել արտահանման համար նախատեսված հացահատիկի ամբողջ ծավալը: Առաքման սղության հետևանքը գնաճը կլինի»,- ասել է Կուլեբան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն ակնարկում է, որ Սև ծովով առանց երաշխիքի հացահատիկ պետք չէ փոխադրելՄոսկվան պահանջներ է ներկայացնում
Ռուսներն ասում են, թե չեն երկարաձգում գործարքը, քանի որ դրա՝ Ռուսաստանի արտահանումներին առնչվող դրույթները չեն կատարվել:
«Մենք բուն գործարքին դեմ չենք, հատկապես հաշվի առնելով դրա նշանակությունը համաշխարհային շուկայի և մոլորակի շատ երկրների համար: Իհարկե, պատրաստ կլինենք վերադառնալ գործարքին, պայմանով, որ կատարվեն Ռուսաստանի մասնակցության պայմանները»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտին:
Ռուսները պարենը դարձրել են զենք
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Ռուսաստանի դիրքորոշումը և կոչ է անում վերականգնել ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ կնքված պայմանագիրը:
«Ռուսաստանը պարենի հարցը զենք է դարձրել, երկու օր շարունակ սպառնում է հարվածով միջազգային ջրերում գտնվող նավերին: Ակնարկում է, թե չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը: Ակնհայտ է, որ ռուսները պատերազմում պարենն օգտագործում են որպես զենք, և այն ուղղված է ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի, այլ համայն մարդկության ու հատկապես թերզարգացած երկրների բնակչության դեմ»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը: