Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքը շարունակելու հնարավորությունը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության մի անանուն աշխատակից ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է, որ նախարարների զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հացահատիկի փոխադրման ստամբուլյան գործարքին և անտառային հրդեհների դեմ պայքարում կիրառվող խոշոր ռուսական ինքնաթիռներ գնելու հնարավորությանը:
Սև ծովով հացահատիկը փոխադրելու ստամբուլյան գործարքի ժամկետը երեկ է սպառվել, Մոսկվան հայտնել է, որ այն երկարաձգելու մտադրություն չունի, քանի որ գործարքի՝ Ռուսաստանին առնչվող դրույթները չեն կատարվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, թե Մոսկվան կարող է վերադառնալ գործարքին, պայմանով, որ դրանով նախատեսված Ռուսաստանի շահերն ապահովվեն:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել օդանավեր, որոնց միջոցով հնարավոր է մարել անտառային հրդեհները:
2022 թվականին Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում կիրառվել են Бе-200 տեսակի «երկկենցաղ» [ջրային մակերեսին վայրէջք կատարող և ջրի մակերեսից օդ բարձրացող] ռուսական արտադրության ինքնաթիռները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պատրաստվում է օգոստոսին ընդունել Պուտինին