Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, տեղեկացնում է Միջագային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Ըստ գրասենյակի՝ ՄԻԵԴ-ն այս կերպ վերահաստատել է 2022-ի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջը։ Որոշումը պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։
2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Օրեր անց Հայաստանը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով: Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց ներկայացրեց ՄԻԵԴ՝ պաշտոնական Երևանին մեղադրելով Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքը ոչնչացնելու մեջ։
Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Ըստ պաշտոնական Երևանի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ի պահանջի չկատարման դեպքում կարող է քննարկվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը. Կիրակոսյան