Ռուսաստանը փակում է Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը

Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի կայքում։

Հուլիսի 14-ի հրամանում նշվում է, որ այս որոշումը կայացվել է Ռուսաստանի արտգործնախարարության առաջարկի հիման վրա։

«Լեհաստանի Հանրապետության կառավարության անբարյացակամ գործողությունների արդյունքում, որոնք հակառուսական բնույթ են կրում, քայլեր են ձեռնարկվել Լեհաստանի տարածքում ռուսական դիվանագիտական ունեցվածքի անօրինական զավթման ուղղությամբ։ Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը զգալիորեն կրճատվել է», - «Ինտերֆաքս»-ին ասել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Անցյալ տարվա ապրիլին Վարշավայում ռուսական դիվանագիտական սեփականության երկու օբյեկտ էր առգրավվել։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս երկու օբյեկտները «չեն օգտագործվում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով» և գտնվում են «Ռուսաստանի Դաշնության անօրինական տիրապետության տակ»։

Բացի Սմոլենսկում հյուպատոսական գործակալությունից, Լեհաստանն ունի երեք գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում և Իրկուտսկում։ Լեհաստանի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։

Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը հայտարարեց 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին, որոնք, ըստ Վարշավայի, կա՛մ աշխատում են ռուսական հատուկ ծառայություններում, կա՛մ կապված են նրանց հետ։

Ռուսաստանը, ի պատասխան, հայտարարեց, որ արտաքսում է Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակցի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանի ԱԳՆ-ն մաքրվել է МГИМО-ի կադրերից