Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մոռավյեցկին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում ասել է, թե այն բանից հետո, որ Բելառուսում ռուսական միջուկային զենք է տեղակայվել, Լեհաստանը ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ կիրառման ծրագրին (Nuclear Sharing):
«Հաշվի առնելով այն, որ Ռուաստանը Բելառուսում է տեղակայում մարտավարական նշանակության միջուկային զենք, մենք ուզում ենք, որ Լեհաստանն, իր հերթին, դառնա Nuclear Sharing ծրագրի մասնակից»,- ասել է Մորավյեցկին:
Նա նշել է, որ դա պետք է լինի ամերիկյան կողմի և ՆԱՏՕ-ի գործընկերների համատեղ որոշումը:
«Մենք չենք ուզում ձեռքերը ծալած նստել, մենք ազդարարում ենք այդ բնագավառում մեր մտադրությունը»,- հայտարարել է վարչապետը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել է, թե Մինսկի խնդրանքով Ռուսաստանը Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք կտեղակայի՝ այնպես, ինչպես դա արել են ամերիկացիներն իրենց դաշնակիցների տարածքում:
Մոսկվան Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» տեսակի հրթիռներ, որոնք կարող են նաև միջուկային մարտագլխիկներ կրել: Բելառուսի հրթիռավարները և օդաչուները համապատասխան ուսումնական պատրաստություն են անցել Ռուսաստանի տարածքում:
Հունիսի 23-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ռուսական միջուկային պայթուցիկների մեծ մասն արդեն գտնվում է Բելառուսի տարածքում: