«Վաղը, առավոտյան ժամը 9-ին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները», - հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում», - ընդգծել է պետնախարարը:
Ներսիսյանն ընդգծել է, որ 7 ամիս է՝ արցախցիներն ապրում են տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է գազամատակարարումը, էներգամատակարարումը:
«Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ», - նշել է նա:
«Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել», - ասել է Արցախի պետնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է». Ստեփանակերտի բնակիչԳուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ հիմա, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:
Արցախի պետնախարարը դիմելով Հայաստանի ժողովրդին՝ նշել է, որ «հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը»: Նա իր կոչում նշել է՝ «գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ»:
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից», - նշել է Ներսիսյանը:
Պետնախարարը կոչով դիմել է նաև աշխարհասփյուռ հայությանը՝ ընդգծելով. - «Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, Արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը«Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը», - հայտարարել է նա:
Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Դիմելով միջազգային հանրությանը՝ Արցախի պետական նախարարն ընդգծել է, որ «սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է»: