Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մի քանի օրից կորոշի՝ ազատ արձակել արդեն մեկ ամիս կալանքի տակ պահվող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանին, թե՝ ոչ։ Փաստաբանի փոխանցմամբ, դատավոր Արթուր Նահապետյանը գործը գրավոր է քննում և որոշում կկայացնի հուլիսի 17-ին։
«Իմ խորին համոզմամբ՝ որևէ նշանակություն չունի, թե այդ դատարանի կոնկրետ որ դատավորն է իրականացնելու իմ բողոքի քննությունը, որովհետև ով էլ լինի, բողոքը մերժելու է, քանի որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և նրա անազատության մեջ հայտնվելու իրական և միակ հեղինակը բոլորին հայտնի է: Սակայն դատավոր Արթուր Նահապետյանի ընտրությունը, մեղմ ասած, զարմանալի է: Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անմիջական իրականացնողը դա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն է, ով խիստ «պատահական» զուգադիպությամբ հանդիսանում է դատավոր Նահապետյանի մտերիմ ընկերը և քավորը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ազատությանը» դեռևս չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք փաստաբանի այս պնդումը համապատասխանում է իրականությանը։ Սովորաբար դատավորների գործերը մակագրում է դատարանի նախագահը՝ էլեկտրոնային համակարգով, որն ընտրում է այդ պահին հարմար դատավորին, բայց Հակակոռուպցիոն դատարանում այդ համակարգը չի գործում և դատարանի նախագահն ինքն է մակագրել այս գործը դատավոր Արթուր Նահապետյանին:
47-ամյա Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում։
Դատարանի որոշմամբ՝ նա կալանքի հենց սկզբից զրկված է հեռախոսազանգերի ու տեսակցությունների իրավունքից։ Աշոտյանի կուսակից Էդուարդ Շարմազանովն ասաց, որ օրերս որդու ծնունդն էր, բայց այդպես էլ չի կարողացել նրան շնորհավորել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը երկու ամսով կալանավորեց Աշոտյանին. փաստաբանն ասաց՝ որոշումը բողոքարկելու են«Մարդուն ազատությունից զրկելը ամենալավագույն ճնշումն է, մարդուն փակ ռեժիմի մեջ պահելը, թույլ չտալը, որ նույնիսկ ընտանիքի անդամները տեսակցեն, նույնիսկ տղայի ծննդյան օրը հեռախոսազանգի հնարավորություն չունենալը ճնշում չի՞, բարոյական ճնշում է: Այլ բան է, այո, որ Արմենը պինդ է և կդիմակայի դրան», - ասաց Շարմազանովը:
Թե՛ հաղորդակցության արգելքի, թե՛ կալանավորման հարցում քննիչը մեկ պատճառաբանություն էր բերել՝ ազատության մեջ գտնվելու ժամանակ Աշոտյանը չի կատարել իր պարտականությունները և խոչընդոտել է նախաքննությանը, ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին։
Մեկ ամիս առաջ Քննչականը մի ձայնագրություն էր տարածել և պնդել, որ Աշոտյանի մտերիմները՝ մասնավորապես հանրապետական Կարեն Ավագյանը փորձել է գործով անցնող վկաներին համոզել օգտվել Աշոտյանի փաստաբանների ծառայությունից։ Ըստ քննչականի, սա արվել էր, որ Աշոտյանը տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը, ըստ այդմ պլանավորի իր և նրանց գործողությունները։ Էդուարդ Շարմազանովը, սակայն, այս ձայնագրությունը համարում է որևէ բան չասող։
«Այս իշխանությունները իրենց հռչակել են ժողովրդավարական բաստիոնի պաշտպաններ, ինչը շատ ծիծաղելի է, այնուամենայնիվ, ժողովրդավարական երկրներում կալանքը որպես պատիժ չի կիրառվում», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Աշոտյանի դեմ քրեական գործն անձնական վրեժխնդրություն է
Աշոտյանի կուսակիցները տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքից բացի, մեկ այլ խնդրի մասին էլ են բարձրաձայնում։ Բարձրաստիճան նախկին պաշտոնյան կալանքն անցկացնում է Նուբարաշենի բանտում, որտեղ սովորաբար պահվում են ոչ պաշտոնյաները, մինչդեռ նա նաև փոխգնդապետի կոչում ունի։ Սովորաբար նախկին կամ ներկայիս պաշտոնյաները կամ կոչում ունեցողները կալանքը կրում են Վարդաշեն կամ Կենտրոն քրեակատարողական հիմնարկներում։ Ինչպե՞ս է ստացվել, որ հակակոռուպցիոնի դատավորը հենց այս կալանավայրն է ընտրել՝ այս հարցերին Քննչականը կպատասխանի ավելի ուշ։
Հանրապետական կուսակցությունում շարունակում են պնդել՝ Աշոտյանը բանտում է Արցախի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելու համար։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Աշոտյանի դեմ քրեական գործն անձնական վրեժխնդրություն է.- «Դա ակնհայտ է և նույնիսկ դրա մասին, որ Արմեն Աշոտյանի կալանքը անհեթեթ է, նմանատիպ գնահատական տվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը»:
Իշխանությունները կտրականապես հերքում են հանրապետականների պնդումները
Իշխանությունները կտրականապես հերքում են հանրապետականների այս պնդումները՝ հայտարարելով, թե իրավապահ մարմինների աշխատանքին չեն միջամտում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Ազատության» եթերում պնդեց՝ Աշոտյանին կալանավորել է դատարանը, որի վրա իրենք որևէ ազդեցություն չունեն։
«Արմեն Աշոտյանի դեպքում կարծես թե ինչ-որ ձայնագրություն, որտեղ նա ուղղակի միջամտում է գործին», - նշեց Պապոյանը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, չխորանալով ընդդիմադիր գործչի գործի մանրամասների մեջ, ուշադրություն է հրավիրում նախկին բարձրաստիճան պաշտոնյային Նուբարաշենի բանտում պահելու փաստի վրա, ասում է՝ սա պատժի մի ձև է։
«Սա կարող է, որովհետև եթե լիներ մյուս կալանավայրում, ապա նա կլիներ բոլորովին ուրիշ մարդկանց միջավայրում, իսկ այս միջավայրում նա բոլորովին այլ մարդկանց միջավայրում է՝ քրեական հանցագործների, որն՝ այո, կարելի է դիտարկել այդպես: Ե՛վ իշխանությունները, և՛ դատարանը, և՛ նախաքննական մարմինն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հնարավոր բոլոր կասկածերը վերանան», - ընդգծեց Հարությունյանը:
Հանրապետական կուսակցությունում հավաստիացնում են՝ Աշոտյանի համար անազատությունն ու քրեական գործը զսպաշապիկ չեն, նա շարունակելու է մնալ իշխանության կոշտ քննադատը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանը շինծու և զավեշտալի է համարում իրեն առաջադրված մեղադրանքը