Հայ-ադրբեջանական սահմանին երկրորդն օրն անընդմեջ խաղաղ չէ

Հաճախակի դարձած միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։Երկուսի կյանքին էլ, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի հատվածում հայ զինվոր է վիրավորվել, հրադադարը խախտվել է նաև Արցախում

Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդեց, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Երևանը այս միջադեպերի համար ադրբեջանական կողմին է մեղադրում, Բաքուն իր հերթին պնդում է, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

Օրը կրակոցներով է սկսկվել նաև Արցախում։ Ստեփանակերտը հայտնում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական ուժերը ականանետ են կիրառել։ Վիրավորների մասին չի հաղորդվում։

Ինչի՞ մասին են վկայում հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ վերջին շրջանում հաճախակի դարձած սահմանային միջադեպերը։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով, երկու բացատրություն կա. առաջինը, Բաքուն խաղաղություն է ուզում միայն իր մաքսիմալիստական պայմանների հիման վրա և չստանալով իր ուզածը սրացումների է գնում. - «Երկրորդ տարբերակը դա այն է, որ Ադրբեջանը անգամ իմ նշած պարագայում առանձնապես հետաքրքրված չէ խաղաղությամբ և անգամ իմ նշած պարագայում խաղաղություն չի ուզում, այլ ուզում է ըստ էության ամեն ինչ։ Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանը ուզում է խաղաղություն և անում է ամեն ինչ խաղաղության համար, իսկ Ադրբեջանը ուզում է պատերազմ և անում է ամեն ինչ պատերազմի համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից։ Անցած ամիս Հակարիի կամրջի հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո Հայաստանից հումանիտար բեռներ չեն մտնում Արցախ։ Ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխող Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն էին միայն վերջին շաբաթներին անցնում կամրջով։ Երեկ Ադրբեջանը նաև դրանց տեղաշարժն արգելեց՝ պատճառաբանելելով, թե այդ մեքենաներով փորձել են արգելված ապրանքներ հասցնել մասնավորապես՝ ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին։

Միջազգային մարդասիրական կազմակերպությունից արձագանքեցին, թե իրենց պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։

Արցախցիները կոնկրետ քայլեր են ակնկալում պաշտոնյաներից

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով բազմաթիվ արցախցիներ այսօր Ստեփանակերտի փողոցներ են դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում. - «Կյան միանան մեզ... ասին մեր ղեկավարությունը քշանա, մեզ ժողով տա։ Միանում ա մեզ։ Եթե միանում չի, մունք մեր քայլերը անինք»։