Իշխանությունը զրկեց վերջին ընդդիմադիր պատգամավորին խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից

62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանը վերջին ընդդիմադիր պատգամավորն էր, որ խորհրդարանական հանձնաժողով էր ղեկավարում։

Անցած տարի իշխանությունը փոխխոսնակի ու տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացրել էր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին։

Այսօրվա նիստում քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ։ Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը ընդամենը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իշխանության հիմնավորումները։ Նրան որևէ պատգամավոր հարց չտվեց, ելույթ չունեցավ, եզրափակիչ ելույթի կարիք էլ չառաջացավ։ Իշխանական Աղազարյանը միայն նշեց, թե Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին, 46-ից 38-ը բաց է թողել, իսկ դա բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։

«Ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով ըստ էության չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները», - նշեց Աղազարյանը։

Աղազարյանի պնդմամբ՝ Թովմասյանը նաև անտարբերություն է դրսևորել և չի պաշտապանել մարդու արժանապատվությունը այն ոտնահարող և վիրավորանք պարունակող հայտարարություններից։

«Տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը», - հավելեց իշխանության ներկայացուցիչը։

Փաշինյանը հերթով ոչնչացնում է ժողովրդավարության ատրիբուտները. Թովմասյան

Թագուհի Թովմասյանն առողջական խնդիրների պատճառով այսօր չէր մասնակցում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն զրկելու նիստին։ Տարածած հայտարարության մեջ նա նշել է, որ իրեն վերաբերող հարցի քննարկումն իր բացակայության պայմաններում կոպտագույն խախտում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն Թովմասյանի` ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

Թովմասյանը նաև նշել է, որ նախ Ազգային ժողովի կանոնակարգը չի պարտադրում մասնակցել խորհրդի նիստերին։

Հակադարձելով իշխանության պնդումներին, թե խորհրդի նիստերին չմասնակցելով չի կատարել հանձնաժողովի նախագահի պարտականությունները, ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել՝ բարձրացնելով թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքների մասին։ Թովմասյանը տեղի ունեցածը պարզ քաղաքական վրեժխնդրություն է համարում, ընդ որում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներել, որ ես 2020 թվականին դուրս եմ եկել իրենց խմբակցությունից և հայտարարել եմ, որ հայրենիք հանձնողների հետ ես ճանապարհ չունեմ անցնելու, և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել, և տեսնում եք, որ ցանկացած այլակարծություն Հայաստանում խեղդվում է բանտարկության, աշխատանքից ազատման, պաշտոնազրկման եղանակով։ Ես սա գնահատում եմ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական անպատժելիության դրսևորում, որովհետև նրանք արդեն արբել են իրենց անպատժելիությունից և կարողանում են իրականացնել ամենաանպատկերացնելին ու մնալ անպատիժ», - նշեց նա։

Թագուհի Թովմասյանն ասում է, թե ժողովրդավարությունը բրենդ հռչակած Փաշինյանը հերթով ոչնչացնում է ժողովրդավարության ատրիբուտները, որոնցից մեկն էլ այլընտրանքային խոսքն է խորհրդարանում։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունը այսօր զրկեց խորհրդարանին պաշտոնական խողովակներով որևէ տեղեկություն հաղորդելուց, որը կտարբերվի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դիրքորոշումից։

«Բոլոր իմ միջազգային գործընկերներին հրատապ նամակով ծանուցել եմ, թե ինչ է կատարվում, Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ծանուցել եմ, թե ինչ է կատարվում, և շատ դեսպաններից արդեն ունեմ տարակուսանքի արձագանքներ, որ անթույլատրելի գործընթաց է տեղի ունենում», - շեշտեց նա։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այսօր չմասնակցեցին Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցի քննարկմանը՝ հիմնազուրկ համարելով իշխանության պնդումները։ Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ընդդմիությունը Մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածու չի առաջադրելու, և իշխանության ճնշումներին չեն ենթարկվելու. - «Ընդդիմությանը չի կարող զսպաշապիկ հագցնել իշխանությունը, դա նշանակում է տոտալիտարիզմ, դիկտատուրա, բռնատիրություն...ավելին՝ ոչ միայն փոխել, այլ նաև պարտադրել, թե ումը, որովհետև ցանկացած ժամանակ իրենք ցանկացած թեկնածուի չեն ընտրելու, եթե իրենց սրտի ուզածը չէ»։

Մինասյանը հիշեցնում է՝ սա առաջին դեպքը չէ։ Փաշինյանի իշխանությունը նախորդ գումարման Ազգային ժողովում էլ ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Իրեն ոչ ցանկալի կամ այլակարծություն, այլ մոտեցումներ ունեցող ընդդիմադիրներին զրկի Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից», - ասաց Մինասյանը։

Ոչ ընդդիմությունը և ոչ էլ իշխանությունը հանձնաժողովի նախագահի թեկնածու չեն առաջադրի

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ գործող կանոնակարգի համաձայն, եթե ընդդիմությունը նոր թեկնածու չի առաջադրում, ապա այդ լիազորությունն անցնում է իշխանությանը։ Սակայն իշխանական ՔՊ -ն ևս նման ծրագրեր չունի։ Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցով հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանն այսօր վստահեցրեց՝ իրենք թեկնածու չեն առաջադրելու։

Եթե ոչ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեն, ապա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պարտականությունները Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ կկատարի հանձնաժողովի փոխնախագահը, այս դեպքում՝ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Այսինքն՝ ընդդիմությանը վերապահված այս պաշտոնը, ըստ էության, կանցնի իշխանությանը։ Ի դեպ, Ռուստամ Բաքոյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ անցած տարի նրա նախկին կինը լրատվամիջոցներին պատմեց, թե ինչպես է Բաքոյաննն իրեն բռնությունների ենթարկել, նաև բռնությունը վկայող լուսանկարներ հրապարակեց։ Բաքոյանը հերքել էր մեղադրանքը։