Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թովմասյանին հեռացնելու նախագիծ է ներկայացվել. նա դա համարում է վարչապետի «վրեժխնդրություն»


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագիծը կքննարկվի վաղվա արտահերթ նիստում։

Հիմնական զեկուցողը իշխանական Հովիկ Աղազարյանն է, որը դեռ ապրիլին էր ստորագրահավաք սկսել։ Աղազարյանն ասաց՝ հիմնական պատճառը Թովմասյանի բացակայություններն են Ազգային ժողովի խորհրդի նիստերից։

«Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին, այսինքն՝ սրանով ինքը չի կատարել հանձնաժողովի նախագահի հիմնական գործառույթը, հանձնաժողովին անմասն է դարձել փաստորեն օրակարգի ձևավորմանը մասնակցելուց, կարծիք հայտնելուց, հանձնաժողովի այս կամ այն հարցի քննարկման հետ կապված տեսակետ ներկայացնելուց», - նշեց նա։

ԱԺ նախագահին ներկայացրած հիմնավորման տեքստում նաև նշված է, որ Թովմասյանը խորհրդի 46 նիստերից 38-ին նաև ներկայացուցիչ չի ունեցել։ Աղազարյանը պնդում է՝ այս բացակայությունների պատճառով ԱԺ-ի կարևոր հանձնաժողովներից մեկը դուրս է մնացել խորհրդարանի հիմնական գործընթացներից։

Ինքը՝ Թագուհի Թովմասյանն ասաց՝ այդ բոլոր հիմնավորումները փաստերով կջախջախի։ Նա սա համարում է վարչապետ Փաշինյանի անձնական վրեժխնդրություն՝ պատերազմից հետո իշխող թիմը լքելու համար։

«Հայրենիք հանձնողների հետ ես ճանապարհ չունեմ անցնելու։ Սուտը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդհանրապես կուսակցության գործունեության առանցք։ Խորհրդի նիստերից բացակայությունը քաղաքական որոշման արդյունք է, և ես քաղաքական խմբակցության անդամ եմ, իսկ խմբակցությունը կայացրել է որոշում չմասնակցել այդ ֆորմալ և ոչինչ չտվող նիստերին։ Երբեք չի եղել Ազգային ժողովում որևէ հանձնաժողով, որ այնքան պարտաճանաչությամբ աշխատի, ինչպես որ աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, հանձնաժողովի ներկայացուցչի կամ հանձնաժողովի նախագահի ներկայությունը խորհրդի նիստին ոչ մի առավելություն կամ ոչ մի լրացուցիչ լծակ չէր տալու, որովհետև ձայնը չի կարող մեծամասնություն լինել», - հայտարարեց նա։

Թագուհի Թովմասյանը այս պահին միակ ընդդիմադիրն է, որ Ազգային ժողովի հանձնաժողով է ղեկավարում։ Նրան այդ պաշտոնից հետ կանչելու հիմնավորումներում նաև նրա նախագահությամբ անցկացված մի շարք նիստեր են նշված, որտեղ ըստ Աղազարյանի՝ վիրավորանք և ատելության խոսք է հնչել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Իշխանական պատգամավորը հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի սկանդալային նիստը։ Ընդդիմության թեկնածու, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը 2018-ի հեղափոխությունը որակել էր որպես «ադրբեջանաթուրքական հեղափոխություն»։

«Ինքը լռելյայն մասնակցի դերում է հանդես եկել և ոչ դիտողություն է արել, ոչ իր կարծիքն է հայտնել», - ասաց Աղազարյանը։

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս հայտարարությանը արձագանքել էր սպառանալիքով՝ կտրել բոլոր նրանց ականջներն ու լեզուն, որ այդպիսի որակումներ կտան հեղափոխությանը։ Թագուհի Թովմասյանն ասում է՝ ինքը չէր կարող խախտել ոչ Էդգար Ղազարյանի, ոչ էլ Արթուր Հովհաննիսյանի ազատ խոսքի իրավունքը։

«Էդգար Ղազարյանին ես չէի կարող արգելել որևէ միտք արտահայտել հանձնաժողովի նիստի ժամանակ այնպես, ինչպես որ Արթուր Հովհաննիսյան չկարողացա արգելել, որպեսզի նա հրապարակավ չսպառնա կտրել և ականջները, և լեզուն ընդդիմադիր թեկնածուի։ Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, չեմ թերացել, ես եղել եմ ամենաակտիվ հանձնաժողովի նախագահը մինչ այս պահը», - պնդեց նա։

«Ազատությունը» իշխանական Հովհաննես Աղազարյանին հարցրեց՝ այս դեպքում ինչո՞ւ հետևողական չեն իրենց իսկ թիմակից Արթուր Հովհաննիսյանի հարցում, նա իր սպառնալիքներից հետո գոնե նկատողություն ստացե՞լ է։

«Այդպիսի ընթացակարգ էլ չունենք, ո՞վ պետք է իրեն նկատողություն անի։ Կարող է ընկերական ինչ-որ մեկն ինչ-որ բան ասած լինի։ Մեր խմբակցության քարտուղարի պահվածքը և արձագանքը եղել է երկու մակարդակ ցածր, քան որ կարելի էր անել, երկու ցածր այն իրավիճակին, որ ստեղծեց Թագուհի Թովմասյանը», - արձագանքեց իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիրներին պաշտոնից զրկելու նախադեպ այս Ազգային ժողովում արդեն կա։ Անցած տարի «Քաղաքացիական» պայմանագիրը Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխոխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկեց։

Թագուհի Թովմասյանը վաղվա նիստին չի լինի՝ բյուլետենային արձակուրդում է, հույս ունի՝ իր բացակայությամբ իր վերաբերյալ որոշում չի կայացվի։ Վստահ է՝ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, Աղազարյանի անձնական կարծիքով՝ իշխանությունն էլ թեկնածու չի առաջադրի։

Այդուհանդերձ, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է նոր թեկնածուներ առաջադրվեն։ Ու եթե խմբակցությունը, որին վերապահված է թափուր պաշտոնը, թեկնածու չի առաջադրում, առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը՝ այս դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու համար իշխող ուժը բավարար ձայներ ունի, քվեարկությունը փակ գաղտնի է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG