Շավքաթ Միրզիյոևը վերընտրվեց Ուզբեկստանի նախագահ

Ուզբեկստան - Գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը քվեարկում է նախագահական ընտրություններում, Տաշքենդ, 9-ը հուլիսի, 2023թ.

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վերընտրվել է այդ պաշտոնում: Նախօրեին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 87 տոկոսը: Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զայնիդին Նիզամխոջաևը:

Երկրորդ տեղը գրավել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու, Գերագույն դատարանի առաջին փոխնախագահ Ռոբախոն Մախմուդովը՝ նա քվեների 4.43 տոկոսն է ստացել:

Երրորդը քվեների 4 տոկոսը վաստակած Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Ուլուգբեկ Ինոյատովն է, և չորրորդ տեղում Բնապահպանական կուսակցության ղեկավար Աբդուլշուքուր Խամզաևն է, ով քվեների 3.74 տոկոսն է ստացել:

Ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 15 միլիոն 600 հազար քաղաքացիների մոտ 80 տոկոսը:

Նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել Ուզբեկստանում ապրիլի 30-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո:

Ապրիլի 30-ի լրամշակումներով նախագահը պաշտոնավարելու է ոչ թե 5, այլ՝ 7 տարի, և չի կարող պաշտոնավարել ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Ընդ որում, ապրիլյան հանրաքվեով գործող նախագահի պաշտոնավարման նախորդ ժամկետները չեղարկվել են, ինչը նշանակում է, որ Միրզիյոևը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը, և եթե նորից առաջադրվի ու հաղթի, ապա իշխանության գլուխ կմնա մինչև 2037 թվականը:

Միրզիյոևը նախագահ է ընտրվել 2016 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ուզբեկստանի առաջին նախագահ, հանգուցյալ Իսլամ Քարիմովին: 2021-ին նա մեկ անգամ արդեն վերընտրվել է:

Ուզբեկստանում երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվեցին ժամկետից շուտ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Միրզիյոևին վերընտրվելու կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ձեր սկզբունքային գիծը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կապահովեն փոխշահավետ համագործակցության հետևողական ձևավորում երկկողմ կապերի ողջ շրջանակում, ինչպես նաև համակարգում տարածաշրջանային և միջազգային հարցերում», - իր ուղերձում մասնավորապես գրել է ՌԴ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են