Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի որդին՝ Պյոտրը, ժառանգության բաժանման շուրջ վեճի պատճառով դատի է տվել նախագահի այրուն՝ Տատյանա Քարիմովային:
54-ամյա Պյոտրը հանգուցյալ նախագահի զավակն է առաջին ամուսնությունից: Ըստ «Ազատության» ուզբեկական ծառայության, Պյոտրի անունը Իսլամ Քարիմովի պաշտոնական կենսագրությունում երբեք չի նշվել:
Տատյանա Քարիմովան Իսլամ Քարիմովի երկրորդ կինն է: Թե որն է ժառանգության շուրջ վեճի կոնկրետ պատճառը՝ հայտնի չէ: Հայցը քննելու է Տաշքենդի քաղաքային դատարանը:
Իսլամ Քարիմովը երկիրը ղեկավարել է 1989 թվականից մինչև մահը՝ 2016 թվականը: Քաղաքական ընդդիմությունը պնդել է, որ Քարիմովը կոռուպցիոն գործարքներով է հարստություն դիզել: Միայն նրա դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի մոտ իշխանությունները 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ակտիվներ են հայտնաբերել:
Ուզբեկստանի լրատվամիջոցները չեն հայտնում, թե որ բնագավառում է աշխատում Պյոտր Քարիմովը: