Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Բաքվում այսօր կայացած երկկողմ հանդիպմանը Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործընթացը։
Հասան Ֆիդանը Ադրբեջան է ժամանել «Չմիացած երկրների շարժման» բյուրոյի արտգործնախարարների հանդիպման առիթով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ շարժման մեջ չի մտնում, բայց Ադրբեջանի արտգործնախարարը նրան հրավիրել է հյուրի կարգավիճակով մասնակցել հավաքին։
«Չմիացած երկրների շարժմանը» շուրջ 120 երկիր է անդամակցում, այն ձևավորվել է անցած դարի սառը պատերազմի ժամանակ, հիմնական նպատակը չմիանալ ռազմական դաշինքներին, ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պայմանագրին, որն այն ժամանակ ստեղծել էր նախկին Խորհրդային միության կոմունիստական ռեժիմը։
Վերջին տասնամյակում Ադրբեջանը այդ կազմակերպությունում ակտիվ դիվանագիտության, քարոզչություն է տանում, նաև նախագահել է կազմակերպությունը:
Արտգործնախարարների հանդիպմանը Իլահմ Ալիևը ելույթ է ունեցել և Արցախին ու Հայաստանին վերաբերող երկու հիմնական շեշտադրում է կատարել, որոնք վերաբերում են Արցախի պաշտպանության բանակին և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին»։
Ալիևն ասել, որ թեպետ Հայաստանը ստիպված Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց Ադրբեջանի տարածում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահներ, դեռ մնում են հայկական զինված ուժերի մնացորդներ։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը իսկապես հետաքրքրված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի ղարաբաղյան շրջանը, հայկական զինվորականները և կիսառազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն, հայտարարել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ ՓաշինյանԻնչ վերաբերում է ճանապարհին, Ալիևն ասել է, որ Հայաստանը խոչնդոտում է «զանգեզուրյան միջանցքի բացմանը», որը նրա խոսքերով՝ 3 տարի առաջ ստորագրված կապիտուլյացիայի ակտի պարտավորություններից մեկն է՝ Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանին։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հերքել են միջանցքի տրամաբանությունը, պնդելով, որ այն բացակայում է նաև եռակողմ հայտարարությունում։ Խոսքը ճանապարհի, հաղորդակցության ուղիների մասին է, որոնք պետք է գտնվեն իրենց տարածքով անցնող երկրների վերահսկողության և իրավասության ներքո։
Իր ելույթում Ալիևը Հայաստանի հասցեին հնչեցրել է բոլոր հնարավոր մեղադրանքները։ Ադրբեջանին դասել է աշխարհում ամենաականապատված երկրների շարքում, ասել է, թե գրավյալ տարածքում Հայաստանը էկոլոգիական ու մշակութային աղետներ է իրականացրել։
«67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են, իսկ կանգուն մնացածներում խոզ ու անասուն են պահել, ինչը վիրավորանք է աշխարհի բոլոր մահմեդականներին», - հայտարարել է նա։
Ալիևը չի մոռացել քննադատել Երասխում մետաղաձուլարանի կառուցումը, ասելով, թե Հայաստանը շարունակում է անդրսահմանային բնապահպանական աղետներ ստեղծել Նախիջևանի հետ սահմանին։ Նրա խոսքերով՝ խախտվում է 1991 թվականի կոնվենցիայի պարտավորությունը, ուր նշված է, որ համապատասխան երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն՝ խուսափելու համար անդրսահմանային անբարենպաստ ազդեցությունից։
Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի գործընկերներից քննադատել է Ֆրանսիային, ասելով, թե Փարիզը Ղարաբաղում պաշտպանում է հայկական անջատողականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՄակրոնինԲաքվում է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի հետ երկկողմ հանդիպմանը նա ասել է, որ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Իրանի իրավապահ մարմինները շատ լուրջ հետաքննություն են անցկացնում։ Աբդոլահիանը հույս է հայտնել, որ Իրանում Ադրբեջանի դեսպանությունը շուտով կվերսկսի աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ, վիրավորներ