Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը և Ռովնոյի ԱԷԿ-ի ղեկավարները քննարկել են արտակարգ պայմաններում գործելու հարցը

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնի, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այցելել է Ռովնոյի ատոմակայան, որտեղ աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են ԱԷԿ-ներում հնարավոր աղետների կամ ահաբեկչական գրոհների հետևանքով առաջացած արտակարգ պայմաններում գործելու հարցերը:

Վերջին շրջանում Ուկրաինայում քննարկում են ռուսների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ը հարվածի ենթարկելու հնարավորությունը:

Հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ըստ հետախուզական տվյալների՝ «ռուսները տեխնիկապես պատրաստ են փոքր պայթյուն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում»:

Ռուսական կողմն էլ, իր հերթին, պնդում է, թե ուկրաինացիներն են ուզում սադրիչ գործողություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում և ՆԱՏՕ-ին ներքաշել պատերազմի մեջ: