Երևանում են արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենին, Երևան, 29-ը հունիսի, 2023թ.

Պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին չօգնելու՝ Արևմուտքի նախազգուշացումներից և Հայաստանում գրանցված երկու ընկերությունների նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո Երևանում են արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները: Նրանք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում անձամբ վարչապետի հետ են քննարկում սանկցիաներին հետևելու հարցերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Օ՛Բրայենը քննարկել են տարածաշրջանի և միջազգային ասպարեզի գործընթացները

Արևմտյան պաշտոնյաները վերջին ամիսներին պնդում են՝ որոշ ապրանքատեսակներ՝ միկրոսխեմաներ, էլեկտրոնիկա, զարտուղի ճանապարհներով Ռուսաստան են հասնում, որտեղ դրանք օգտագործում են ռազմական արտադրության համար, ու տալիս են նաև Հայաստանի անունը՝ որպես տարանցիկ երկիր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների հարցերով արևմտյան երկրների պաշտոնյաները կժամանեն Հայաստան

Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին, ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։ Աճել է հատկապես էլեկտրոնային սարքերի ներմուծումը Հայաստան։ Անցած տարի շեշտակի աճել է նաև Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ գրեթե երեք անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։

Հենց այս շաբաթ Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը՝ նպատակ ունենալով կանխել երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Սանկցիաների ենթարկված 87 ընկերությունների շարքում Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն էր, որն ավելի վաղ նաև ամերիկյան կողմի թիրախում էր հայտնվել։ Այս ընկերությունը հենց Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով է զբաղվում։ Ամերիկյան պատժամիջոցների տակ մեկ այլ հայկական ընկերություն էլ կա՝ քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ զբաղվող «Մեդիսար»-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էլեկտրոնային սարքավորումների առևտրով զբաղվող հայկական ընկերությունը՝ նաև ԵՄ պատժամիջոցների ցանկումԵվս մեկ հայկական ընկերություն՝ ամերիկյան պատժամիջոցների տակ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ ցանկը կարող է ընդլայնվել: «Այդ ընկերությունների նկատմամբ կիրառված այս տնտեսական պատժամիջոցներն ազդակ են Հայաստանի կառավարությանը, որ եթե նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա այդ սանկցիաները կարող են ընդլայնվել և նոր ընկերություններ ընդգրկել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պարսյանը:

Անցած ամիս ոչ Ռուսաստանի և ոչ էլ պատժամիջոցների անունը չտալով՝ գործադիրը հենց տեխնոլոգիական սարքերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ դա ազգային անվտանգության հարց համարելով։ Ըստ Կառավարության՝ բազմաթիվ ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն ավելի խիստ պետք է հսկվի, այսուհետ նաև համապատասխան թույլտվություններ պետք կգան։ Երեկ ընդունած մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը պարզաբանեց, թե ինչպես և ում միջոցով է իրականացվելու հսկողությունը։ Սա օրենսդրական փոփոխություն է, այսինքն՝ դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանյան բանկերն արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները

«Այդպիսի այդպես ասած քայլեր փորձում է Հայաստանի կառավարությունը անել՝ ցույց տալով, որ մենք, այնուամենայնիվ, սահմանափակում ենք դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները», - նշեց Պարսյանը: