Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը

Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները հերքում են հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական հաղորդումները:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի շրջանի Զյայլիք, Իստիսու և Նախիջևանի Հեյդարաբադ բնակավայրերի ուղղություններով:

Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ը կրակ են բացել «Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»՝ հերթական ապատեղեկատվություն որակելով այն: