Հայաստանն արդեն գրեթե ավարտել է Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը և հույս ունի, որ թուրքական կողմը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը, ու «մենք շատ շուտով կտեսնենք այդ առաջին պայմանավորվածության իրագործումը»: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ - թուրքական կարգավորման բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Ինչո՞ւ է սա շատ կարևոր՝ որովհետև այն դեպքերում, երբ վստահության պակաս կա կողմերի միջև, շատ կարևոր է, որ առաջին պայմանավորվածությունը իրագործվի: Եթե այն իրագործվի, վստահությունը կավելանա, եթե չիրագործվի, այն քիչ վստահությունը կպակասի, իսկ դա, համաձայնեք, լավ չի», - ընդգծեց Ռուբինյանը՝ պատասխանելով Թուրքիայում ընտրություններից և իշխանության ձևավորումից հետո կարգավորման ընթացքին վերաբերող հարցին:
«Դուք գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական անձնագիր և Թուրքիայի: Այս պայմանավորվածությանը մենք հասանք անցյալ տարի հուլիսին և հետագայում նաև հստակեցրեցինք, որ դա պետք է անենք այս զբոսաշրջային սեզոնի ընթացքում», - հիշեցրեց կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնացը:
Հարցին՝ երկկողմանի՞ է ավարտվել կամրջի վրա աշխատանքը, Ռուբինյանն արձագանքեց. - «Կամրջի վերակառուցում չի էլ եղել, որովհետև մենք անցած դեկտեմբերին, միջգերատեսչական խումբ հանդիպեց սահմանին, և արդյունքում, նաև նմուշառումը իրականացվեց, և պարզվեց, որ կամուրջը առնվազն հիմա վերակառուցման կարիք չունի: Այսինքն՝ խոսքը զուտ անցակետի վերակառուցման, վերազինման մասին է: Բնականաբար, մենք մեր կողմից ենք անում, իրենք էլ իրենց կողմից պիտի անեն, եթե նման բաների կարիք ունեն: Թուրք գործընկերները վստահեցնում են, որ իրենց մոտ պատրաստ կլինի: Հիմա տեսնենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքները կարգի բերելու աշխատանքները. Ռուբինյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.