Արցախում բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով բանակցությունների դադարեցմանը

ԱՄՆ - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ, Վաշինգտոնի Արլինգթոն արվարձան, 27-ը հունիսի, 2023թ.

Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների դադարեցմանը։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում։ Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է», - ընդգծել է Պատելը:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։ ԱՄՆ-ը, նշել է Պատելը, կշարունակի շփումներ կազմակերպել նաև այսօր։ «Մենք անհամբեր սպասում ենք, որ այս բանակցությունները շարունակվեն», - հավելել է նա։

«Հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան, ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքեն. «Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին տևական համաձայնության ճանապարհին»Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների փակման նիստին պետքարտուղարի մասնակցությունը ծրագրվում է այսօր Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

Արցախի Պաշտպանության բանակը երեկ վաղ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմը 4 զոհ ունի: Արցախի խորհրդարանը Հայաստանի պատվիրակությունից պահանջեց դադարեցնել հունիսի 27-ին մեկնարկած բանակցությունները Վաշինգտոնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի խորհրդարանը Հայաստանի պատվիրակությունից պահանջում է դադարեցնել բանակցությունները ՎաշինգտոնումՎաշինգտոնի բանակցություններն ուղեկցվում են կրակոցներով ու զոհերով. Ստեփանակերտից պահանջում են դադարեցնել դրանքԱրցախի ՊԲ. Ադրբեջանի զինուժը հրետանուց կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ