Երասխի համայնքապետը կասկած չունի՝ աշխատանքից ազատվեց Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշների պատճառով

Երասխի համայնքապետը ոչ մի կասկած չունի՝ աշխատանքից ազատվեց Հայաստանի ու Միացյալ Նահանգների դրոշների պատճառով, որ վերջերս տեղադրվեցին Երասխի մետաղի ձուլման գործարանի տարածքում՝ Նախիջևանի սահմանի մոտ:

«Էդ պահին անձամբ քաղաքապետի տեղակալը զանգել ասել է՝ քեզ աշխատանքից հեռացնելու են, դրա համար: Ու իրանք, ոնց որ ասած, իմ գլխին սարքին էդ պահը», -ասաց Երասխ համայնքի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանը:

Խնդիրն, ըստ արդեն նախկին համայնքապետի, այն է, որ դրոշների տեղադրումից մի քանի օր առաջ այդ մասին խոսել էր լրագրողների հետ, վստահ է՝ ոչ մի պետական գաղտնիք չէր բացահայտել, անոնսել էր առաջիկա միջոցառումը:

​Երասխը Արարատ խոշորացված համայնքի կազմում է, Սարո Այվազյանը՝ շուրջ մեկ տարի առաջ նշանակված վարչական ղեկավար։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը Երասխի համայնքապետի անդրադարձը դրոշներին, այո, խնդրահարույց է համարում, միջամտություն՝ հայ-ամերիկյան գործարանի գործերին։

«Դրվելու էր, չէր դրվելու, հա, մենք էլ շատ բան գիտեինք, դա ամերիկյան հիմնարկի գործունեությունն էր», - նշեց Մուսիկյանը:

Բայց, ըստ Մուսիկյանի, Սարո Այվազյանի պաշտոնավարումն այլ պատճառով է դադարեցվել՝ դրոշները կապ չունեն. - «Ոչ պատշաճ հանձնարարությունների կատարում, թերացում: Աշխատանքը սիրում է պարտաճանաչություն»:

Համայնքապետարանը սահմանային Երասխի համայնքապետի ազատման հետ կապված հայտարարություն է տարածել. այստեղ շարել են Աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնց շրջանակներում էլ Այվազյանը մի քանի կարգապահական տույժեր է ստացել՝ ի վերջո ազատվել. աշխատակազմի քարտուղարի խոսքով՝ առանց տեղյակ պահելու բացակայել է գործից, գյուղից, մարզից.- «Երկու մարզ էն կողմ է գնացել, գոնե ասա՝ իմանանք, ախր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երասխի գործարանի ղեկավարությունը պատրաստվում է տարածքում Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշները բարձրացնել«Մենք այստեղից տեղ չենք գնալու». ՀՀ-ի ու ԱՄՆ-ի դրոշները՝ Երասխի գործարանում

Սարո Այվազյանը հակադարձում է՝ մի անգամ կարևոր գործով Սիսիան է գնացել, մի անգամ դիրքերում էր շրջում՝ համայնքապետարանի ժողովն է բաց թողել. - «Զբաղված էի, ինժեներական գործեր էին անում, ես էլ հետները, ամեն ինչով օգնում էի, իրանց էլ մոռացել էի, որ էդ օրը ժողով կա, տեղյակ էլ չէի պահել, հետո հիշեցի, զանգեցի, ասացի, որ սենց է, կներեք, ես չեմ կարող այսօր մասնակցել ու էդ իմ ասածն է տեղ չի հասել իրենց, ում որ ասել եմ»:​

Մի տույժ էլ ստացել է գազատարի շինարարության կատարողականը չստորագրելու համար, մայր գազատարը Երասխ չի հասել, արձանագրել է Այվազյանն ու ակտը չի ստորագրել. - «Գազի գիծը, որ գալիս է, դեռ Արմաշում է կանգնած, ես ինչի՞ պետք է ստորագրեմ, որ գազը Երասխ է մտել»:​

Իսկ համայնքապետարանի պաշտոնյան նույն գազատարի մասին այլ պատկերացում ունի. - «Գիծը հասել է Երասխ, մնում է ճանապարհը՝ ասֆալտի տակից մտնի, որ դառնա Երասխ»​:

Այվազյանը վստահ է՝ համայնքապետարանի պաշտոնյաների ու հատկապես Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի կամքը չկատարելու համար է ազատվել. - «Ուզում է ենթարկվենք, որ ինքը ոնց ծափ տա, մենք էլ տենց պարենք»:​

60-ամյա Այվազյանը ասում է՝ բոլոր պատերազմների մասնակցի իր կարգավիճակը թույլ չի տա ենթարկվել որևէ մեկին... պնդում է՝ Երասխում ահագին գործ է արել, դպրոցի դասասենյակներ են նորոգվել, խաղահրապարակներ են կառուցվում, ճիշտ է՝ այս ամենը մետալուրգիական գործարանի փողով, բայց ինքն էլ իր աշխատավարձից է բաժին տալիս կարիք ունեցողներին:

«Օգնություն ուզողին գումար եմ տվել իմ գրպանից, իմ աշխատավարձից: Ես իմ աշխատավարձի 30 տոկոսն իմ տունը չեմ ծախսել», - նշեց նա:​

Իրեն գործից հանելն անհիմն է համարում, բայց ազատման հրամանը բողոքարկել չի ուզում։

Երասխում նրան արդեն ժամանակավոր փոխարինող կա՝ աշխատակիցներից մեկը։ Արարատի համայնքապետարանից ասում են՝ Այվազյանի հետ բոլորս լավ ենք ու լավ ենք լինելու: