Կոնֆետի միջի գետնանուշը աջ գլխավոր բրոնխի մեջ խրված 8 ժամ դժվար ճանապարհով Երևան հասած Մոնթեն վերջապես լիարժեք շնչում է, ժպտում ու անդադար շարժվում:
«Սաղ ճանապարհին մենակ աղոթում էի, արդեն, որ իրան տարան, ես իմացա, որ երեխաս փրկված ա: Որ հասել ենք Երևան, արդեն երեխային բերել են ռեանիմացիա, արդեն հավատում էի որ փրկված ա», - ասաց Մոնթեի մայրը՝ Արմինե Բալույանը:
Չարաբաստիկ գետնանուշը Մոնթեն երկու շաբաթ առաջ Ստեփանակերտում է կուլ տվել՝ իրենց տանը. - «Մեծ տղաս ուտում էր, երեք տարեկան ա, դրեց սեղանին, էդ պահին ինքը վերցրեց միանգամից կծեց, մի փոքր կծեց, էրեխու ձեռքին ջուր կար, ուզեց, որ չտվեց, լացեց, էդ պահին թռավ շնչափողը արդեն»:
10 ամսականում 12 կիլոգրամ կշռող տղան ինչ ասես կծում է, բայց գետնանուշն ամբողջական է կուլ տվել. - «Ատամներ ունի՝ շատ սուր»:
Մայրը՝ Արմինեն միայն հիմա է ժպտում, վստահ է, որ որդու կյանքին այլևս վտանգ չի սպառնում, իսկ այդ օրը նրան արդեն կապտած Ստեփանակերտի «Արևիկ» բուժկենտրոն հասցրին. տնօրեն Կարեն Մելքումյանը, Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիթ Դալլաքյանը հեռավար կոնսուլտացիաներով էին փորձում փրկել փոքրիկին:
«Սակայն փորձը հաջող չստացվեց, քանի որ բավականին մեծ չափերի օտար մարմին էր, խրված էր աջ գլխավոր բրոնխի մեջ, փակել էր ամբողջ աջ թոքի շնչառությունը», - ներկայացրեց Դալլաքյանը:
Միակ լուծումը Մոնթեին Երևան հասցնելն էր, դա էլ բարդ խնդիր էր՝ Լաչինի միջանցքի ադրբեջանցիները համաձայնեցին, բայց փոքրիկը ինտուբացիված էր՝ շնչափողի մեջ խողովակ:
«Կարմիր խաչի մեքենաները հագեցված չեն փոքր տարիքի մեքենաների համար արհեստական շնչառության սարքով և ռուս խաղաղապահների մեքենաներն էլ հարմարեցված չեն ու անձնակազմը պատրաստ չէ փոքր տարիքի երեխա տեղափոխելու», - նշեց Դավիթ Դալլաքյանը:
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ «Արևիկ» բուժկենտրոնի ռեանիմոբիլով է Մոնթեն տեղափոխվել. - «Շատ դժվար եկանք-հասանք, երեխան վատանում էր ճանապարհին, լավ ա՝ բժշկուհի Վերդյանը մեզ հետ էր, ահագին օգնություն ցուցաբերեց ճանապարհին»:
Մայրը պատմում է՝ Հակարիի անցակետում ադրբեջանցիները բուժքրոջն ու բժշկին իջեցրին ռեանիմոբիլից, ստուգեցին նաև փոքրիկի ծննդյան վկայականը և մաղթեցին առողջություն։ Իսկ գետնանուշը Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում մի քանի օր էլ մնաց, բժիշկ Դալլաքյանը երրորդ օրը հանեց:
«Երբ որ խրված է լինում բրոնխի մեջ, իրան կողքերից ուղղակի տեղ չի լինում, որպեսզի գործիքով իրան կարողանաս բռնես ու դուրս բերես», - ասաց բժիշկը:
Թե ինչ վիճակում էր Մոնթեն վերակենդանացման բաժանմունքում՝ իր իսկ շնչից ցնցվելով, բուժհաստատության կադրերում ենք տեսնում։ Ոչ ստանդարտ գործիքներ ու հնարքներ պետք եկան, ասում է Դավիթ Դալլաքյանը, որ տարեկան փոքրիկների շնչուղիներից մի 100 օտար մարմին է դուրս բերում:
Մոնթեն այսօր դուրս է գրվում, սիրուն կարմիր ավտո է ստանում ու գովասանք:
Իսկ Արմինեն նոր մտահոգություն ունի՝ երբ է վերադառնալու տուն՝ Ստեփանակերտ, ամուսնու ու երեխաների մոտ՝ 12, 7 և 4 տարեկան են։
«Ինչով տանեն, կգնան, որ գնամ էրեխեքիս հասնեմ», - նշեց նա՝ ուղղաթիռով, ուրալով, միևնույնն է։
Արմինեն ասում է՝ շրջափակված Արցախում հիմա ավելի սաստկացած տագնապով է ապրելու. - «Վախենում ենք, բա ինչ ենք անում, էրեխեքի համար ենք վախենում, որ սենց դեպքեր լինեն, չկարողանանք հասցնենք փրկենք մեր էրեխեքին, բայց որ ճանապարհը բաց լինի, ինձ թվում ա, վախենալու բան չկա»:
Առայժմ սպասում է՝ հընթացս պատվերներ ստանում Ստեփանակերտից, որտեղ երկու շաբաթ է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտնում: Գետնանուշով կոնֆետ հիմա խանութներում չկա, գուցե լավն էլ դա է, ծիծաղում է Մոնթեի մայրիկը։
Your browser doesn’t support HTML5