Հերթապահ հայտարարությունների փոխարեն գործնական քայլեր՝ Արցախն ավելի քան կես տարվա շրջափակումից հանելու, հումանիտար աղետը կանխելու համար. միջազգային հանրությանը դաշնակցականների կոչն է։ Ընդդիմադիրներն առավոտից բողոքի ակցիաներով են փորձում լսելի դարձնել իրենց ձայնը։
«Ադրբեջանցիների անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ Արցախը կտրված է ամբողջ աշխարհից, Արցախը չունի տարրական սննդ, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի մուտքի հնարավորություն», - հայտարարեցին նրանք:
Դաշնակցության անդամները, քաղաքացիներ մեկօրյա նստացույց են սկսել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների ու Եվրամիության պատվիրակության առջև։ «Հայաստան» խմբակցության Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ հատկապես հիմա միջազգային հանրության հայտարարությունները, դատապարտումները բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, անհրաժեշտ են գործնական քայլեր։
«Հիմնական խնդիրը՝ բարձրաձայնել այն խիստ ճգնաժամային վիճակը, որ Արցախում կա, այն խուլ բլոկադան, որ կա, որ օրերի հարց է, այևս սպառվում են առաջին անհրաժեշտության պաշարները, գազ, էլեկտրականություն», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիրները շեշտում են՝ առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, Արցախի շրջափակումը վերացնելու համար։
«Ռուսաստանի Դաշնության դեպքում առավել ևս Ռուսաստանը նոյեմբերի 9- հայտարարությամբ ունի պարտավորություններ, ցավոք սրտի, այսօր Արցախում անվտանգության երաշխավորը մնում են միայն ռուս խաղաղապահ զորքերը: Եվ առաջիկա տարիներին ևս ռուս խաղաղապահ զորքերի ներկայությունը պարտադիր է այնտեղ, որը կապահովի ուղղակի նվազագույն անվտանգային պայմաններ, բայց նաև շատ ավելի գործնական քայլեր ակնկալվում է Ռուսաստանի Դաշնությունը իրականացնի, որովհետև Ադրբեջանի սանձարձակությունն անցնում է բոլոր սահմանները», - նշեց Գեղամ Մանուկյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ասաց. - «Ի վերջո, հասկանալի է, որ հենց Ռուսաստանի Դաշնությունն է, որ ունի ամենամեծ գործիքակազմը քաղաքական, դիվանագիտական, ռազմական մեր տարածաշրջանում և հանդիսանում է նոյեմբերի 9-ի երրորդ կողմը՝ միջնորդը, հետևաբար նախևառաջ Ռուսաստանն է այստեղ, որ հստակ քայլեր պետք է ձեռնարկի ապաշրջափակում իրականացնելու համար»:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը Արցախի շրջափակումը համեմատում է երկրորդ համաշխարհային ժամանակ Լենինգրադի շրջափակման հետ, հայտարարում՝ այս պաշարումը պետք է վերացվի. - «Այդ բլոկադան ամեն ինչով պետք է ճեղքվի, ինչպես ճեղքվեց պատերազմի ընթացքում»:
Մանուկյանն ասում է՝ Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին պետք է հայ-ադրբեջանական բանակցություններից չառանձնացնի Արցախի հարցը՝ կանխելու համար ցեղասպանությունը։
«Այլ հարթությունում երբ որ շարունակում են բանակցությունները, շարունակում են շփումները, բայց օրակարգում չկա Արցախը, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կարողանում է այդ շրջափակումն իրականացնել և ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնել Արցախի մեր 120 հազար հայրենակիցներին», - ընդգծեց նա:
Հայաստանի իշխանությունները թեև չեն բացառում, որ Արցախի հարցը կարող է խաղաղության պայմանագրում տեղ չգտնել, սակայն մշտապես շեշտում են՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Երևանի և Բաքվի տեսակետները չեն համընկնում, Ադրբեջանը մինչ այս պահը մերժել է քննարկել Երևանի այս առաջարկը։
ՀՅԴ գերագույն մարմնի նախաձեռնած նստացույցերը դիվանագիտական ներկայացուցչությունների առջև կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում և կավարտվի արդեն վաղը առավոտյան՝ ակցիաները կամփոփվեն ՄԱԿ-ի գրասենյակի առջև։