«Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսել»․ վեճ Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

Վիճաբանություն Ազգային ժողովում՝ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։

Նախ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանն իշխանականներին մեղադրեց «հայտարարած արժեքներից կոպիտ ձևով՝ ջարդելով հրաժարվելու» մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ խորհուրդ տվեց Մինասյանին անձնական անկախությունն ու շրջապատի անկախությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության հետ չշփոթել, «մեղք է»։ «Թեև հիմա դուք շատ ավելի անկախ եք, քան նախկինում, ուղղակի չեք զգում», - ասաց Սիմոնյանը։

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Սիմոնյանն էլ հորդորեց Օհանյանին սեփական կյանքով զբաղվել, արժանապատվությունով ու արածներով։ «Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին», - նշեց ԱԺ նախագահը։

Օհանյան․ - Դու զբաղվիր։

Սիմոնյան․ - Դու-ն դու ես, չհամարձակվես ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ դու-ով խոսել։

Օհանյան․ - Դու ԱԺ նախագահը չես։

Սիմոնյան․ - Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում էստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում։

Վեճը շարունակվեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Օհանյանի միջև՝ կրկին դու-ով դիմելու համար։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ կոչ անելով Օհանյանին պատգամավորների հետ դուք-ով խոսել։ «Շատ տրամաբանական և լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում», - ասաց Ռուբինյանը։

Վեճը թեժացավ, Ռուբինյանն էլ նիստն ընդհատեց ու ընդմիջում հայտարարեց։