Մատչելիության հղումներ

Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը արցախցիներին պաշարումից ազատելու համար. թեժ բանավեճ ԱԺ-ում


Ազգային ժողովի արտահերթ նիստ, 20-ը դեկտեմբերի, 2022թ.
Ազգային ժողովի արտահերթ նիստ, 20-ը դեկտեմբերի, 2022թ.

Ի՞նչ է անում Փաշինյանի գլխավորած կառավարությունը 120 հազար արցախցու ադրբեջանական պաշարումից ազատելու համար. «Հայաստան խմբակցության» պատգամավորներն այսօր խորհրդարանում հարցնում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը», - ասաց ԱԽ քարտուղարը:

Իսկ Հայաստանի իշխանությունն անելիք չունի՞, գիտե՞ն՝ ինչ է պահանջում Ադրբեջանը. Գրիգորյանն ասաց՝ գիտեն, Արցախում էթնիկ զտում իրականացնելու նպատակով են փակել Լաչինի միիջանցքը:

«Կարող եմ ասել, որ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար», - նշեց նա:

Թե ինչ է անում իշխանությունը, Արմեն Գրիգորյանը այդպես էլ չմանրամասնեց։ Փոխարենը դարձյալ հիշեցրեց՝ Լաչինի միջանցքում Ռուսաստանի պարտականությունների մասին. «Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը, և ես ուզում եմ նաև ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ»:

«Այո, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որն ապահովում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը, բայց նաև կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սրան ինչի՞ չեք անդրադառնում», - արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն օգնության հասավ Արմեն Գրիգորյանին։ Իշխանականների պնդումներն ավելի համոզիչ դարձնելու համար նոյեմբերի 9-ի հայտարարությունից հատվածներ ընթերցեց՝ փակված ճանապարհը Ռուսաստանի, ոչ թե Արցախի ու Հայաստանի վերահսկողության տակ է:

«Բայց մի եկեք, ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, իշխանությունը պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա, կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ինչ պիտի անեն խաղաղապահները: Ասում եմ, թե ինչ պիտի անեն: Նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերերոդ կետում գրված է՝ ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքն ամբողջությամբ», - հայտարարեց Ռուբինյանը:

«Ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի երաշխավորը: Հիմա եկել եք այստեղ, լոլոներ եք կարդում, թե գնացեք, ռուսներից պահանջեք: Ռուսներից էլ պիտի պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք», - պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:

Եթե ճանապարհը բացելը ռուսների պարտավորությունն է, իսկ ո՞րն է Հայաստանի անելիքն Արցախում, շարունակո՞ւմ է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ինչպես գրված է կառավարության ծրագրում, Անվտանգության խորհրդի քարտուղարից ճշտում էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցած տարի մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել, և այդ ֆինանսական աջակցությունը, կարծում եմ, տեղյակ եք, որ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում», - ասաց Գրիգորյանը:

«Գոնե ով ով, Դուք Արցախի հետ հարաբերությունները փողային մի վերագրեք, գոնե Դուք՝ ծնունդով արցախցի, որովհետև փողը տալիս են, որովհետև Արցախը ավերվել է», - նշեց Մանուկյանը:

Արցախցիների ճակատագրի պատասխանատուների ու Արցախում հումանիտար ճգնաժամի մեղավորների փնտրտուքը հունից հանեց խորհրդարանի ամենահանդարտ պատգամավորներից մեկին՝ իշխանական Վլադիմիր Վարդանյանին. «Ես էն հին բարին չեմ ու լավը չեմ, որ սրա մասին չխոսեմ, ուզում եք նեղացեք, ուզում եք չէ, չընդհատեք ինձ», - ասաց նա:

Իշխանական պատգամավորը մոտեցավ ամբիոնին ու հանկարծ արդարացավ՝ գեթ մեկ անգամ կյանքում ոտքը թուրքական հողին չի դրել: Որ չկասկածեն իր խոսքերին, խոստացավ պատճենել բոլոր ժամանակների անձնագրերն ու հրապարակել. «Ես իմ անձնագրերը բոլորը կպատճենահանեմ, ու կտեսնեք, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել»:

Իշխանական պատգամավորին նույնիսկ չէր կաշկանդել Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։ Վարդանյանի զգացմունքային ելույթը լռեցրեց անգամ թիմակից Ռուբեն Ռուբինյանին, որ Թուրքիայի հետ բանակցում է հարևանություն անելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

Ինչո՞ւ հանկարծ իշխանական պատգամավորը շեղվեց թեմայից, Վլադիմիր Վարդանյանն «Ազատությանը» բացատրեց, թե դահլիճից հնչող հայրենասիրության ու դավաճանության ռեպլիկներին էր արձագանքում:

XS
SM
MD
LG