The Washington Post օրաթերթի փոխանցմամբ, ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին տեղեկություն է ստացել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի ապստամբության հնարավորության վերաբերյալ և անմիջապես այդ մասին զգուշացրել է Սպիտակ տանը, պետական դեպարտամենտին, Պենտագոնին, Կոնգրեսին և կառավարական այլ պատկան կառույցներին:
«Եղել են բավական թվով ազդակներ, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանա, որ ինչ-որ բան է խմորվում, և անակնկալի չբերվի, երբ դա տեղի ունենա, սակայն Պրիգոժինի հստակ ծրագրի և դրա իրագործման ստույգ ժամկետի մասին տեղեկություն չի եղել»,- ասել է The Washington Post օրաթերթի անանուն աղբյուրը:
Երեկ Պրիգոժինը Տելեգրամ-ալիքում հայտնել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է Դաշնության ռազմական ղեկավարությանը:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հոդվածով, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքել է «Վագների» ջոկատներին հարվածելու մասին Պրիգոժինի պնդումները:
Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է հանրությանը և «Վագների» գործողությունները որակել է որպես «դավաճանություն» ու հայտարարել, թե մեղավորների նկատմամբ կկիրառվեն խիստ միջոցներ:
Հետագայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ կայացվել է փոխզիջում, ըստ որի «Վագները» հրաժարվել է Մոսկվայի ուղղությամբ շարժվելու մտադրությունից և սկսել է հսկողության տակ առած բնակավայրերից վերադառնալ դաշտային ճամբարներ:
Մոսկվան որոշել է Պրիգոժինի նկատմամբ գործը կարճել, քանի որ նա հավաստիացրել է, որ կտեղափոխվի Բելառուս:
Վագներականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ «իշխանությունները որոշել են հաշվի առնել նրանց մասնակցությունը «հատուկ ռազմական օպերացիային» և մարտական վաստակը»: