Վագներականները հեռանում են Վորոնեժից

Վագներականները և բնակիչները:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր կարգով հեռանում են Վորոնեժի շրջանի տարածքից:

Գործող սահմանափակումները և անվտանգության պահպանման միջոցները կչեղարկվեն իրավիճակի ամբողջական կարգավորումից հետո: Այդ մասին Տելեգրամ-ալիքում հայտնել է Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:

«Ավարտվում է Վորոնեժի շրջանի տարածքով «Վագների» ստորաբաժանումների հեռացումը, որը տեղի է ունենում կանոնավոր կարգով, առանց միջադեպերի»,- հայտնել է Գուսևը և ավելացրել, որ իրավիճակի վերջնական կարգավորումից հետո հայտարարված սահմանափակումները չեղյալ կհայտարարվեն, ինչի մասին կտարածվի լրացուցիչ հայտարարություն:

Նրա խոսքով, իշխանությունները միջոցներ կձեռնարկեն շաբաթ օրը շրջանում զինտեխնիկայի տեղաշարժի հասցրած վնասը վերացնելու համար:

«Շնորհակալութուն եմ հայտնում բոլոր վորոնեժցիներին ցուցաբերած զսպվածության, տոկունության և խոհեմության համար: Շնորհակալ եմ նաև ուժային կառույցներին համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,- գրել է Գուսևը Տելեգրամ ալիքում:

Երեկ «Վագների» ստորաբաժանումների գործողությունների և Մոսկվայի ուղղությամբ շարժվելու մտադրության կապակցությամբ Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Վորոնեժում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, և արգելափակվել է երթևեկությունը ավտոմայրուղու Մ-4 «Դոն» հատվածով: